Վարչապետը ԵՄ հատուկ ներկայացուցչին տեղեկացրել է «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի վերաբերյալ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին:
Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, վարչապետը շնորհավորել է տիկին Գրոնոյին պաշտոնը ստանձնելու առիթով և հույս հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը հունվարի 9-ի նիստում դրական եզրակացություն է տվել քաղաքացիական նախաձեռնությամբ ներկայացված «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագծի վերաբերյալ, և հիշեցրել, որ 2023 թվականի աշնանը Եվրոպական խորհրդարանում ունեցած ելույթում իր կողմից ընդգծվել է՝ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրոպական միությանն այնքան մոտ լինել, ինչքան Եվրոպական միությունը դա հնարավոր կհամարի:
Ըստ աղբյուրի՝ Մագդալենա Գրոնոն շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և կարևորել ՀՀ-ԵՄ փոխգործակցության հետևողական ընդլայնումը, այդ թվում՝ մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների զարգացումն ու բարեփոխումների առաջմղումը:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հարավային Կովկասում անվտանգությանն ու կայունությանը միտված ՀՀ կառավարության գործուն քայլերին, ինչպես նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
Կարծիքներ