Հնարավորինս արագ հասնել կայուն և տևական խաղաղության. նախագահը Դըվինազի հետ զրույցում վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը

Հնարավորինս արագ հասնել կայուն և տևական խաղաղության. նախագահը Դըվինազի հետ զրույցում վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի նախագահ Ժիլբերտ Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը:

 

Նախագահ Վահագն Խաչատուրյանը, ողջունելով հյուրերին, նշել է.

«Ուրախ եմ Ձեզ հյուրընկալելու համար: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հայ-ֆրանսիական հարաբերությունների հանդեպ ունեցած Ձեր նվիրվածության, ինչպես նաև Հայաստան-Ֆրանսիա բարեկամական, առանձնահատուկ հարաբերությունների հաստատման գործում ունեցած Ձեր ներդրման համար:

 

Մենք բարձր ենք գնահատում Ձեր գործունեությունը կապված նաև այն որոշումների հետ, որոնք ընդունել եք, որոնցով ոչ միայն աջակցություն ենք ցուցաբերել, այլ սկզբունքային դիրքորոշում եք հայտնել տարածաշրջանում և հատկապես՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունների հետ կապված: Շնորհակալություն ևս մեկ անգամ»:

Շնորհակալույթյուն հայտնելով ընդունելության համար սենատոր Դըվինազը նշել է, որ Սենատում Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի գործունեությունը հավելյալ խթան է երկու երկրների հարաբերությունների շարունակական զարգացման համար:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ֆրանսիայի բազմաշերտ համագործակցության օրակարգային հարցեր:

Երկուստեք բարձր է գնահատվել երկու երկրների օրենսդիր մարմինների միջև առկա սերտ փոխգործակցությունը և խորհրդարանական դիվանագիտության զարգացման առկա մակարդակը:

Կողմերը կարևորել են երկու երկրների միջև համագործակցության շարունակական ընդլայնումը բոլոր ուղղություններով, այդ թվում տեղական ինքնակառավարման մարմինների և ապակենտրոնացված զարգացման ծրագրերի տեսանկյունից:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային ընդհանուր իրադրությանն ու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ առկա զարգացումներին: Այս համատեքստում Հանրապետության նախագահը վերահաստատել է հայկական կողմի հաստատուն դիրքորոշումը հնարավորինս արագ հասնել կայուն և տևական խաղաղության մեր տարածաշրջանում և ձևավորել բարիդրացիական հարաբերություններ բոլոր հարևանների հետ:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ինչպես Հայաստան-Ֆրանսիա երկկողմ, այնպես էլ Եվրամիության շրջանակներում համագործակցության հետագա զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում