Պարզվել են Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հանգամանքները
ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործով իրականացված միջոցառումների արդյունքում պարզվել են՝ 2021թ. հունիսի 19-ին Երևան-Գյումրի-Բավրա Մ-1 ճանապարհի 42-րդ կմ հատվածում տեղի ունեցած ավտոպատահարի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:
Ինչպես հայտնում են Քննչական կոմիտեից, նախաքննությամբ պարզվել է, որ ավտոճանապարհի հիշյալ հատվածում իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքների ընթացքում պատասխանատու անձանց կողմից չեն ապահովվել անվտանգ երթևեկության կանոնները, ճանապարհը չի կահավորվել երթևեկության անվտանգությունն ապահովող նշաններով, ինչի արդյունքում «Զիլ» և «Ռենո» մակնիշի ավտոմեքենաները բախվել են միմյանց և վերջինիս վարորդի ու նրա ուղևորի առողջությանը պատճառվել է կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։
2022թ․ հունվարի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է նոր քրեական գործ և որոշում է կայացվել՝ հարուցված քրեական գործերը մեկ վարույթում միացնելու մասին:
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ