Կորոնավիրուսի պատճառով աշխարհում աճել են մարդու իրավունքների խախտումները․ Գուտերեշ
Ժնևում մեկնարկել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանը: Վերջին տարվա ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ համաժողովների նման, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի 46-րդ նստաշրջանը նույնպես անցկացվում է տեսակոնֆերանսի ձևաչափով՝ պայմանավորված COVID-19-ի համավարակով։
Կորոնավիրուսի դեմ կիրառվող կարանտինային միջոցառումների պատճառով աճել են նաև ամբողջ աշխարհում մարդու իրավունքների ոլորտում խախտումները։ Այսպիսի տեսակետ է հնչեցրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը նստաշրջանի բացման իր ելույթում։
«COVID-19-ը խորացրել է մինչ այս գոյություն ունեցող ճեղքը, խոցելիությունն ու անհավասարությունը, ինչպես նաև հանգեցրել է նոր խնդիրների առաջացման, այդ թվում՝ մարդու իրավունքների ոլորտում։ Համավարակի պատրվակով մի շարք երկրների իշխանություններ ուժի են դիմում և արտակարգ միջոցներ են կիրառում այլախոհությունը ճնշելու, մարդու հիմնական ազատություններն անօրինական ճանաչելու, անկախ լրատվամիջոցներին լռեցնելու և հասարակական կազմակերպությունների գործունեությունը սահմանափակելու համար»,- ասել է Գուտերեշը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը անընդունելի է անվանել այն, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը հասանելի են դարձել միայն հարուստ երկրներին։
Նա նաև անդրադարձել է Մյանմայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջմանը և իշխանությունը խլած զինվորականներին հորդորել է ազատ արձակել երկրի ձերբակալված ղեկավարներին։
Կարծիքներ