Ցանկանում եք ինքներդ ձե՞զ համոզել, թե՞ մյուսներին. Եղոյանը՝ ադրբեջանցի պատգամավորին
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չի ավարտվել՝ որքան էլ ադրբեջանցի պատգամավորները ջանում են դա համոզել՝ իրենք իրենց և մյուսներին: Այս մասին հայտարարեց ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Եղոյանը Երևանում անցկացվող Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի հանձնաժողովի նիստին՝ անդրադառնալով ադրբեջանցի պատվիրակի ելույթին, որում պատգամավորը պնդել էր, թե իբր ԼՂ հակամարտությունն ավարտվել է:
«Ես չեմ հիշում, թե քանի անգամ ադրբեջանցի կոլեգաները կրկնեցին՝ փորձելով համոզել իրենք իրենց, թե կոնֆլիկտն ավարտվել է: Կոնֆլիկտը չի ավարտվում՝ պարզապես հայտարարելով, թե այն ավարտվել է: Կոնֆլիկտն ավարտվում է, երբ վերացվում են կոնֆլիկտի պատճառները: Պատճառները, որոնք բերել են ԼՂ կոնֆլիկտին, չեն ավարտվել: Ես կասեի՝ նույնիսկ սրվել են, քանի որ Ադրբեջանում հայերի, հայկական մշակույթի և հայերի հետ կապված ամեն ինչի նկատմամբ ատելությունը ավելի ու ավելի է խորանում»,-ասաց Եղոյանը:
Նա որպես ապացույց հիշեցրեց Ադրբեջանի ջանքերը՝ վերացնելու հայկական արձանագրությունները եկեղեցիների վրայից և դրանք ներկայացնելու որպես ալբանական:
Անդրադառնալով ադրբեջանցի պատգամավորի՝ սեփական երկիրը որպես բազմամշակութային ներկայացնելու ջանքերին՝ Եղոյանը հարցրեց, թե ո՞րտեղ են 500 000 հայերը, որոնք ապրել են Ադրբեջանում՝ որտե՞ղ են նրանք հիմա, Բաքվում, Սումգայիթում ապրած հայերը որտե՞ղ են: «Ո՞րտեղ են այդ հայերը, ո՞ւր են անհետացել, եթե Ադրբեջանը բազմամշակութային երկիր է: Ես չգիտեմ՝ դուք փորձում եք համոզել ինքներդ ձե՞զ, թե՞ ձեր շուրջն այլ մարդկանց»,-հարցրեց Եղոյանը:
Պատգամավորը շեշտեց՝ խաղաղությունն ամեն գնով հնարավոր չէ: «Խաղաղությունը պետք է կառուցվի աշխատանքով, փոխադարձ հարգանքով, ուրիշների իրավունքների հարգմամբ, մարդկանց իրավունքի հարգմամբ, կյանքի իրավունքի, սեփականության իրավունքի հարգմամբ: Հայերի կյանքի և սեփականության իրավունքն արդյոք երաշխավորվա՞ծ է Ադրբեջանում. ոչ, քանի որ չեք կարող գտնել մի հայի, որն ապրում է ադրբեջանական իշխանության կանոնների ներքո: Նրանք բոլորը՝ Բաքվում, այլ քաղաքներում, անհետացել են»:
Եղոյանը առաջարկեց մտածել այն մասին, հաշվի առնել դա, երբ փորձ է արվում լուծումներ առաջարկել:
Արցախի դեմ 44-օրյա պատերազմը սանձազերծած Ադրբեջանի ներկայացուցիչ՝ պատվիրակ Սոլթան Մամադովն էլ պնդեց, թե իրենք պատերազմ չեն ուզում: Վերջում էլ նշեց, թե իրենց այցը լավ քայլ է՝ երկու երկրների միջև հարաբերությունների համար:
Կարծիքներ