Երևանը նախապատրաստվում է ապրիլի 29-ի համապետական շաբաթօրյակին
Ապրիլի 29-ին նախատեսվող համապետական շաբաթօրյակին ընդառաջ Երևանի քաղաքապետարանում վարչական շրջանների ղեկավարների, վարչությունների պետերի և պատասխանատու կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ հրավիրվել է աշխատանքային քննարկում:
Քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը նշել է, որ նախապատրաստական և կազմակերպչական հիմնական աշխատանքներն ավարտված են: Հստակեցվել են այգիներն ու պուրակները, ինչպես նաև աղբի կուտակման քրոնիկ հասցեները:
Մաքրման աշխատանքները կմեկնարկեն առավոտյան ժամը 10:00-ից: Այդ օրը կլվացվեն ու կմաքրվեն նաև քաղաքի հուշարձաններն ու արձանները:
Աշխատանքներին կներգարվվի «Աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ու «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տեխնիկան և աշխատուժը: Դժվարամատչելի հատվածներում տարածքների մաքրմանը կմիանան ԱԻՆ աշխատակիցները:
Շաբաթօրյակին կմասնակցեն քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմերը, կրթամշակութային, առողջապահական հաստատություններն ու համայնքային մյուս կառույցները, ինչպես նաև պետական, մասնավոր ու հասարակական կազմակերպությունները:
Անդրադառնալով բակային տարածքների մաքրմանը՝ առաջարկվեց բնակիչների ներգրավվածությունն ապահովելու համար ակտիվ գործակցել համատիրությունների հետ:
Քաղաքացիներին կտրամադրվեն անհրաժեշտ բոլոր պարագաները՝ բահեր, ձեռնոցներ, պարկեր: Կամո Արեյանն ընդգծել է, առանձին իրազեկման աշխատանքներ պետք է տարվեն տնտեսվարողների հետ:
«Քաղաքը մաքուր պահելու պարտավորությունը միայն համայնքինը չէ, տնտեսվարողներն այստեղ ունեն իրենց խիստ կարևոր դերը: Շաբաթօրյակին մասնավոր հատվածի ներգրավմամբ մենք կկարողանանք ընդլայնել նախատեսված տարածքներն ու տեսքի բերել այդ հատվածները: Ծանուցումների և հնարավոր այլ միջոցներով պետք է տեղեկացնենք մեր ազգաբնակչությանն ու կազմակերպություններին շաբաթօրյակին մասնակցելու կարևորության մասին: Միայն միասին ու համատեղ ջանքերով մենք կհասնենք արդյունքի: Բայց կարևոր է նաև աշխատանք տանել՝ հետագայում մաքրված տարածքները պահպանելու ուղղությամբ»,- նշել է Կամո Արեյանը:
Շաբաթօրյակի ընթացքում հավաքված ամբողջ աղբը կտեղափոխվի քաղաքային աղբավայր:
Կարծիքներ