Արգենտինան ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցելու համար մարդասիրական օգնություն է առաջարկել Հայաստանին
Արգենտինայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի դեսպանությանը մարդասիրական օգնություն է առաջարկել Ադրբեջանի հարձակումներից և էթնիկ զտումներից հետո բռնի տեղահանված Լեռնային Ղարաբաղի բնակչությանն աջակցելու համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է Diaro Armenia-ն:
Առաքելությունը ներառում է լոգիստիկայի և այլ մասնագետներ, նաև՝ որոշակի անհրաժեշտ պարագաներ, դեղամիջոցներ, բժշկական այլ պարագաներ, չոր սնունդ:
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն ավելի ուշ՝ հոկտեմբերի 6-ին ընդունել է Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների պատվիրակությանը: Արգենտինայի Հանրապետության հայկական հաստատությունների ղեկավարությունը ողջունել է «Սպիտակ սաղավարտ» առաքելություն Հայաստան ուղարկելու որոշումը՝ ԼՂ-ից բռնի տեղահանված բնակչությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով։
Նրանք նաև շնորհակալություն են հայտնել Արգենտինայի նախագահին G20-ի գագաթնաժողովում և ՄԱԿ-ում արած հայտարարությունների համար և զեկուցել հումանիտար իրավիճակի լրջության մասին:
Ալբերտո Ֆերնանդեսն իր հերթին կարևորել է հակամարտությունը տեսանելի դարձնելու կարևորությունը: Նա նաև խոստացել է կապ հաստատել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ համակարգելու հայ համայնքի խնդրանքները՝ պաշտպանելու Ադրբեջանի կողմից ապօրինաբար գերեվարված ԼՂ ղեկավարությանը և կանխելու հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը:
Կարծիքներ