Սիմոն Մարտիրոսյանը այցելել է «Զինվորի տուն», այնտեղ թողել աշխարհի առաջնության իր գավաթը
Օլիմպիական խաղերի կրկնակի փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանն այցելել է «Զինվորի տուն»:
Այս մասին հայտնում են վերականգնողական կենտրոնի մամուլի ծառայությունից: Նա «Զինվորի տանն» է նվիրել երիտասարդների աշխարհի առաջնության ժամանակ նվաճած իր առաջին գավաթը:
Ծանրամարտիկն այցելել է «Զինվորի տուն»՝ տղաների հետ ծանոթանալու, նրանց հետ շփվելու և հետաքրքրվելու համար՝ ինչով կարող է օգտակար լինել: Սիմոնի հետ կենտրոն են այցելել նաև նրա մարզիչներ Աշոտ Փիլոսյանը և Նարեկ Խաչատրյանը:
«Մեր հաղթանակներն առանց ձեր արած գործի ոչինչ կլինեին»,- ասել է Սիմոն Մարտիրոսյանը՝ խոստանալով աշխարհի առաջնությունից հետո կրկին այցելել «Զինվորի տուն»: Իսկ տղաները ծանրորդին պարտավորեցրել են գալ միայն ոսկե մեդալով:
Ծանրամարտի աշխարհի առաջնությունը կկայանա դեկտեմբերի 7-11-ը Տաշքենդում:
Կարծիքներ