Անցկացվել է «Լոռվա ձմեռ» 50-րդ ավանդական մարզատոնահանդեսը
Լոռու մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ, Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արկադի Փելեշյանի, համայնքային իշխանությունների այլ ներկայացուցիչների, անվանի մարզիկների, բազմաթիվ մարզասերների և հյուրերի հետ մասնակցել են Թեժ լեռան հովտում անցկացվող «Լոռվա ձմեռ֊ 2024» 50-րդ ավանդական մարզատոնահանդեսին:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես է եկել համայնքապետի պաշտոնակատար Փելեշյանը՝ ներկաներին մաղթելով լավ օր և բարձր տրամադրություն։
Մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը ողջունել է միջոցառման մասնակիցներին, նշել, որ «Լոռվա ձմեռ» տոնակատարությունը առողջ ապրելակերպի գաղափարը սերմանելու, ձմեռային ու ազգային մարզաձևերի զարգացմանը նպաստելու առումով մեծ նշանակություն ունի:
Նա ընդգծել է նաև տոնի կարևորությունը մարզի զբոսաշրջային հնարավորությունների բացահայտման տեսանկյունից.
«Այս մարզատոնահանդեսով ի լուր աշխարհի ասենք, որ Լոռին գրավիչ է ոչ միայն ամռանը՝ որպես փարթամ բուսականությամբ և գեղեցիկ տեսարժան վայրերով հարուստ մարզ, այլև ձմռանը՝ որպես ձմեռային գեղեցիկ տեսարաններով ու սպորտաձևերով հարուստ տարածաշրջան: Ու առհասարակ՝ Լոռին անկրկնելի է տարվա բոլոր եղանակներին»,- ասել է Գ. Ասրյանը:
Մրցելույթներով հանդես եկող մարզիկներին մարզպետի տեղակալը մաղթել է հաղթանակներ, իսկ տոնի մասնակիցներին՝ բարձր տրամադրություն:
Տոնահանդեսի ջահը վառելու պատիվը տրվել է բռնցքամարտիկ, 2023 թվականի աշխարհի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր, Եվրոպայի պատանիների առաջնության արծաթե մեդալակիր Արգիշտի Հակոբյանին և սամբո ըմբշամարտիկ 2023 թվականի աշխարհի պատանիների առաջնության ոսկե մեդալակիր, Եվրոպայի պատանիների սամբոյի առաջնության արծաթե մեդալակիր Մհեր Օհանյանին:
Մարզատոնահանդեսին մասնակցել են նաև գեղարվեստական համույթներ, անհատ կատարողներ, երաժիշտների նվագակցությամբ հադես է եկել նաև լարախաղացը՝ իր շուրջը հավաքելով բազմաթիվ հանդիսականների:
Կազմակերպվել են մրցումներ 18 մարզաձևերից, հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով և մրցանակներով, խաղարկվել են նաև հատուկ մրցանակներ:
Կարծիքներ