Ֆինանսների նախարարությունում ռուս փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել մասնագիտական քննարկում
ՀՀ ֆինասների նախարարությունում ռուս փորձագետների մասնակցությամբ տեղի է ունեցել վերապատրաստում-քննարկում, որին մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարության բյուջետային գործընթացների կազմակերպման վարչության աշխատակիցները: Այս մասին հայտնեցին ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Քննարկումը կազմակերպվել է 2017 թվականին Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև ստորագրված համաձայնագրի շրջանակներում:
ՀՀ ՖՆ բյուջետային գործընթացների կազմակերպման վարչության պետի պարտականությունները կատարող Ռուզաննա Գաբրիելյանը ողջունել է քննարկման մասնակիցներին և կարևորել նման հնարավորությունը՝ մասնագիտական հմտությունները կատարելագործելու առումով:
Ռուս փորձագետներ Դմիտրի Անդրեևը և Ալեքսանդր Եվիչը առանձին զեկույցներով ներկայացրել են Հայաստանի առողջապահության և կրթության ոլորտում մի քանի ծրագրերի վերաբերյալ իրենց կատարած ուսումնասիրություններն ու տրամադրել գիտամեթոդական և տեխնիկական աջակցություն հանրային ֆինանսների կառավարման ոլորտում:
Բացի այդ, ռուս փորձագետները պատասխանել են Ֆինանսների նախարարության աշխատակիցների բազմաթիվ հարցերի, ծավալվել է մասնագիտական ակտիվ քննարկում:
2017 թվականին Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև ստորագրված համաձայնագրի եռամյա գործունեության ընթացքում անցկացվել են ընդհանուր առմամբ 33 միջազգային, 56 կրթական սեմինարներ, որոնցում իրենց հմտություններն են զարգացրել ՀՀ ֆինանսների նախարարության բազմաթիվ աշխատակիցներ:
Համատեղ աշխատանքի արդյունքում մշակվել են ֆինանսատնտեսական ոլորտը կարգավորող օրինագծեր, փոփոխություններ են կատարվել Հարկային օրենսգրքում, բարեփոխումների հայեցակարգ միջազգային հարկահավաքության և թվային տնտեսության ոլորտում և այլն:
Կարծիքներ