ԱՄՆ-ն պատրաստվում է Իրանի հետ երկարաժամկետ բանակցությունների միջուկային ծրագրի շուրջ. Սպիտակ տուն
Միացյալ Նահանգներն ակնկալում է, որ Իրանի հետ խորհրդակցությունները միջուկային գործարքի շուրջ շարունակական կլինեն և կարծում է, որ տվյալ պարագայում դիվանագիտությունն առաջ շարժվելու ճիշտ ճանապարհն է:
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին երեքշաբթի կայացած ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին՝ մեկնաբանելով Վիեննայում այսօր կայացած հանդիպումը, որը նվիրված էր Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ բանակցություններին:
«Բանակցություններն ընթանում են Վիեննայում: Դրանք տեղի են ունենում մեր եվրոպացի գործընկերների միջոցով: Ակնկալում ենք, որ բարդ փուլեր են սպասվում և որ բանակցային գործընթացը երկարատև կլինի: Եվ մենք շարունակում ենք հավատալ, որ դիվանագիտական ուղին առաջընթացի ճիշտ ճանապարհն է»,- ասել է Փսակին:
Հիշեցնենք, որ Վիեննայում կայացած բանակցություններից հետո, ինչպես և դրանց նախորդած օրերին իրանցի պաշտոնյաները հայտարարել են, որ Իրանը կվերադառնա միջուկային գործարքով սահմանված իր պարտավորությունների իրագործմանը, եթե ԱՄՆ-ն առաջինն այդ քայլին գնա և չեղարկի Թեհրանի դեմ պատժամիջոցները:
Կարծիքներ