Նիկոլ Փաշինյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին
Սուրբ Աթոռ կատարած աշխատանքային այցի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Նորին Սրբություն Ֆրանցիսկոս Պապի հետ:
Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և նշել, որ իր համար մեծ պատիվ է առաջին անգամ գտնվել Առաքելական պալատում։ ՀՀ վարչապետի խոսքով` բարձր ու բարձրագույն մակարդակով շարունակվող փոխայցերը գալիս են փաստելու Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև առանձնահատուկ միջպետական հարաբերությունների մասին: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ Հայաստանում ռեզիդենտ Առաքելական նվիրակի նշանակումը զգալի առաջընթաց կլինի բարեկամական հարաբերություններում։
Միաժամանակ, վարչապետն ընդգծել է Հայաստանի լիակատար աջակցությունը Սուրբ Աթոռին՝ միջազգային հարթակներում խաղաղության օրակարգի սպասարկման և այս ուղղությամբ համատեղ հանդես գալու և գործելու հարցում։
Նիկոլ Փաշինյանը Նորին Սրբությանը տեղեկացրել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացի վերջին զարգացումների մասին եւ վերահաստատել Հայաստանի Կառավարության հավատարմությունը Խաղաղության օրակարգին։ Նաեւ ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունը հանուն խաղաղության իր բաժին ներդրումն ունենալու հարցում վճռական է։
Վարչապետը Նորին Սրբությանը շնորհակալություն է հայտնել Սուրբ Աթոռի կողմից հայ գերիներին ազատ արձակելու շարունակական ջանքերի համար։
Զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
Առանձնազրույցից հետո Ֆրանցիսկոս Պապը ողջունել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանին, դստերը, եւ վարչապետին ուղեկցող պատվիրակության անդամներին:
Կարծիքներ