Աշխատանքային քննարկում՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին»

Աշխատանքային քննարկում՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին»

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի նախաձեռնությամբ սույն թվականի մայիսի 24-ին տեղի ունեցավ աշխատանքային քննարկում՝ «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողության վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը։

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը, Ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչության պետ Լիլիթ Ղարիբյանը, Տրանսպորտային անվտանգության վարչության պետ Հայկ Մարտիրոսյանը, ինչպես նաև Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի, ՀՀ փոխվարչապետ Մ․Գրիգորյանի աշխատակազմի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, էկոնոմիկայի, արդարադատության նախարարությունների, Պետեկամուտների կոմիտեի, Շուկայի տեսչական մարմնի ներկայացուցիչներ։

Գործնական քննարկմանը խոսվեց նաև ոլորտում առկա խնդիրներից, մասնավորապես՝ վերահսկողության առարկայի հստակեցմանը, ՏՄ-ՊԵԿ գործառույթների կրկնությանը, տարեկան ստուգումների կազմման համար տեղեկատվութան տրամադրմանը և հարակից մի շարք այլ հարցերից։

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Ա․Գրիգորյանը քննարկման առարկա դարձրեց «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» Մաքսային միության տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հարցը, որը վերապահված է ՀՀ ՔՏՀԱՏՄ-ին։

Առանձին քննարկման առարկա դարձավ օրենսդրական դաշտում փոփոխություններ կատարելու հարցը։

Քննարկվեցին օրենսդրական ոլորտում առկա բացերը և դրանց կարգավորման ուղղությամբ անհրաժեշտ վերահսկողական գործիքների ներդրման և կատարելագործման հարցը, որոնք հետագայում կնպաստեն վերահսկողական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

Առաջիկայում նախատեսվում է կազմակերպել ևս մեկ խորհրդակցություն՝ օրենսդրական առաջարկները հստակեցնելու և դրանք ավելի արդյունավետ և կիրառելի դարձնելու համար։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում