Ես քեզ սիրում եմ, Դիեգո. ֆուտբոլի արքայի անկեղծ խոստովանությունը

Ես քեզ սիրում եմ, Դիեգո. ֆուտբոլի արքայի անկեղծ խոստովանությունը

Ֆուտբոլի արքա Պելեն իր Instagram-ում մեծ գրառում է նվիրել Արգենտինայի հավաքականի լեգենդար խաղացող Դիեգո Մարադոնային, որը յոթ օր առաջ, նոյեմբերի 25-ին, մահացել էր սրտի կանգի պատճառով:

«Արդեն յոթ օր է, ինչ լքել ես մեզ: Շատերը սիրում էին մեզ համեմատել: Դու իսկական հանճար ես եղել, ով նվաճել է ամբողջ աշխարհը: Դու հրաշագործ էիր ոտքերիդ տակ եղած գնդակով, իսկական լեգենդ ես:

Ինձ համար դու առաջին հերթին մեծ սրտով ընկեր ես: Կարծում եմ, աշխարհն ավելի լավը կլիներ, եթե մեզ քիչ համեմատեին ու ավելի շատ հիանային մեզանով: Ես ուզում եմ ասել, որ դու անհամեմատելի էիր:

Քո ճանապարհին դու անկեղծ էիր և մեզ սովորեցրիր ավելի հաճախ ասել «Ես քեզ սիրում եմ» արտահայտությունը՝ սիրելով բոլորին: Քո անսպասելի հեռացումը թույլ չտվեց ինձ ասել քեզ այդ մասին: Այնպես որ, հիմա ես պարզապես գրելու եմ դա. «Ես սիրում եմ քեզ, Դիեգո»:

Իմ մեծ ընկեր, շնորհակալություն մեր ճանապարհորդությունների համար: Մի օր մենք երկնքում խաղալու ենք մի թիմում: Եվ ես առաջին անգամ կբարձրացնեմ ձեռքերս ոչ թե գոլը նշելու, այլ քեզ կրկին գրկելու համար», - գրել է աշխարհի եռակի չեմպիոնը:

80-ամյա Պելեն իր գրառումն ուղղեկցել է մի քանի հիշարժան լուսանկարներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում