«Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում կառաջադրվի հայկական «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը

«Օսկարի» «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում կառաջադրվի հայկական «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը

Հայկական ազգային կինոակադեմիայի՝ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստում կայացած փակ քվեարկությամբ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար քվեարկության մասնակիցների ձայների մեծամասնությամբ ընտրվել է «Երբ որ քամին հանդարտվի» (ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան) գեղարվեստական ֆիլմը։

Այս մասին հայտնում է Հայաստանի ազգային կինոակադեմիան:

«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը պատմում է ֆրանսիացի աուդիտորի՝ Ալենի մասին, որը ժամանում է Արցախի Հանրապետության նորակառույց օդանավակայան: Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի, թե արդյոք վերաբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանո՞ւմ է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չէ, բայց որն իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր պետական համակարգերով, իր մշակութային դաշտով:

Ֆիլմը Հայաստանի, Բելգիայի և Ֆրանսիայի համատեղ կինոարտադրություն է: Ֆիլմի  վրա աշխատել են երեք երկրների պրոդյուսերական ընկերությունները. հայկական՝ «անԷվա պրոդաքշն» (anEva production), ֆրանսիական՝ «Սիսթր պրոդաքշն» (Sister productions), բելգիական՝ «Կվասսա Ֆիլմս»՝ (Kwassa Films):

«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը նկարահանվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի ազգային կինոկենտրոնի ֆինանսական աջակցությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում