ԿԳՄՍ նախարարությունը սպորտային հանրության ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ ԱՀ-ն արգելափակել է Լաչինի միջանցքը՝ ԼՂ-ն կանգնեցնելով հումանիտար աղետի առաջ
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն Ադրբեջանի Հանրապետության մայրաքաղաք Բաքվում ապրիլի 28-30-ը կայանալիք «Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարի կազմակերպիչ կառույցին և միջազգային սպորտային հանրությանը կոչ է անում բողոքի ձայն բարձրացնել Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական իշխանությունների էթնիկ զտման քաղաքականության վերաբերյալ։
ԿԳՄՍ նախարարությունը սպորտային հանրության ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքի վրա, որ Ադրբեջանի Հանրապետությունը 2022թ.-ի դեկտեմբերի 12-ից ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին և աշխարհին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը՝ ԼՂ-ն կանգնեցնելով հումանիտար աղետի առաջ։
Միավորված ազգերի կազմակերպության արդարադատության միջազգային դատարանը 2023թ.-ի փետրվարի 22-ին բավարարել է Հայաստանի հայցը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին անհապաղ բացել Լաչինի միջանցքը։ Առ այսօր, Ադրբեջանը ոչ միայն չի կատարել դատարանի որոշումը, այլև կտրել է գազամատակարարումը և էլեկտրականությունը։ Ապրիլի 23-ին Ադրբեջանի իշխանություններն ապօրինի անցակետ են տեղադրել Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող հումանիտար միջանցքում՝ փաստացիորեն պատանդ վերցնելով ԼՂ-ի 120.000 հայ բնակիչներին։ Ադրբեջանի իշխանություններն այս քաղաքականությամբ ձգտում են էթնիկ զտման ենթարկել ԼՂ հայ բնակչությանը՝ ստիպելով լքել իրենց հայրենի բնակավայրերը։
Բաքվում «2023 Ֆորմուլա 1» Գրան պրի եվրոպական մրցաշարի կազմակերպումը իրականում նպատակ ունի քողարկելու Լեռնային Ղարաբաղի հայերի բնաջնջման քաղաքականությունը: Ֆորմուլա 1-ի Գրան պրիի կազմակերպիչներին և մասնակիցներին կոչ ենք անում մաս չդառնալ էթնիկ զտման քաղաքականության քողարկմանը:
Կարծիքներ