Դոհայում ՀՀ դեսպանության սգո մատյանում գրառումներ են կատարվել՝ ի հիշատակ «Սուրմալուի» պայթյունի հետևանքով զոհվածների
Սույն թվականի օգոստոսի 18-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու նպատակով Դոհայում ՀՀ դեսպանություն են այցելել և սգո մատյանում գրառումներ կատարել Կատարի Պետությունում հավատարմագրված մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ (ՌԴ, Հնդկաստան, Տաջիկստան, Ղազախստան, Ղրղզստան, Ֆրանսիա, Իտալիա, Ռումինիա, Մոլդովա, Սենեգալ, Ինդոնեզիա, Սուդան, Պաղեստին և այլն)։
Այս մասին տեղեկացնում է Կատարում ՀՀ դեսպանությունը:
Մի շարք ցավակցական ուղերձներ են ստացվել Կուբայի, Դոմինիկյան Հանրապետության, Սերբիայի, Լեհաստանի և այլ դեսպանություններից՝ զորակցություն հայտնելով զոհվածների հարազատներին, հայ ժողովրդին և ՀՀ կառավարությանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց 15 հասցեում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ, ինչի հետևանքով եռհարկանի շինությունը մասնակի փլուզվել է։
Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 16 քաղաքացու դի: Այս պահին երկու քաղաքացի համարվում է անհետ կորած:
Կարծիքներ