Համաշխարհային բանկը նոր նախագահ ունի

Համաշխարհային բանկը նոր նախագահ ունի

Համաշխարհային բանկի գործադիր տնօրենները երեկ Աջայ Բանգային ընտրել են Համաշխարհային բանկի նախագահ հինգ տարի ժամկետով: Նա կսկսի պաշտոնավարել 2023 թվականի հունիսի 2-ից, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը:

Աջայ Բանգան վերջերս զբաղեցնում էր  General Atlantic-ի փոխնախագահի պաշտոնը: Նախկինում նա եղել է Mastercard համաշխարհային կազմակերպության նախագահ և գործադիր տնօրեն, որն ունի մոտ 24.000 աշխատակից:  Նա Միջազգային Առևտրի Պալատի պատվավոր նախագահն էր՝ 2020-2022 թվականներին, դարձել է General Atlantic-ի կլիմայի վրա կենտրոնացած հիմնադրամի՝ BeyondNetZero-ի խորհրդականը 2021 թվականին: Նա նախկինում եղել է Ամերիկյան Կարմիր Խաչի, Kraft Foods-ի և Dow Inc.-ի խորհուրդներում:

Աջայ Բանգան The Cyber Readiness Institute-ի համահիմնադիրն է և եղել է Նյու Յորքի տնտեսական ակումբի փոխնախագահը: 2012 թվականին նա պարգևատրվել է Արտաքին քաղաքականության ասոցիացիայի մեդալով, 2016 թվականին Հնդկաստանի նախագահի կողմից Պադմա Շրի մրցանակով, 2019 թվականին՝ Էլիս Այլենդ Պատվո շքանշանով և Միջազգային փոխըմբռնման բիզնես խորհրդի համաշխարհային առաջնորդության մրցանակով:

Նշենք, որ Համաշխարհային բանկի խմբի նախագահը նաև Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) գործադիր տնօրենների խորհրդի նախագահն է: Նախագահը նաև ի պաշտոնե նախագահում է Միջազգային զարգացման ասոցիացիայի (IDA), Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC), Բազմակողմ ներդրումների երաշխավորման գործակալության (MIGA) և Ներդրումների կարգավորման միջազգային կենտրոնի վարչական խորհրուրդները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում