ԱԱՏՄ-ն ստուգայցերի ընթացքում կրկնախախտումներ է արձանագրել
Էրեբունի վարչական շրջանում՝ տնտեսավարողների կողմից անվտանգության կանոնների չպահպանման հետքերով․ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է ուժեղացված ստուգայցերը։ Մարզերում և մայրաքաղաքի տարբեր վարչական շրջաններում դիտարկումները շարունակական են։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ կառավարությունը:
Նախորդիվ ևս Էրեբունի վարչական շրջանում առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն ուժեղացված ստուգայցեր էր անցկացրել։ Դիտարկումները փաստում են, որ տնտեսավարողների կողմից նորմերի պահպանումն այժմ առավել բարեխղճորեն է իրականացվում։ Դա է փաստում նաև արձանագրված խախտումների հիմքով պարետին ներկայացվող՝ տնտեսավարողների կասեցման միջնորդությունների թվի նվազումը։
Սակայն, կան նաև կրկնախախտման դեպքեր, երբ ստուգայցից հետո ԱԱՏՄ «Թեժ գծով» ահազանգ է ստացվում, որ կասեցումից հետո շարունակում են որոշ նորմեր չպահպանվել։ Այսօրինակ դեպքերում առավել խիստ մոտեցում է կիրառվում՝ 24 ժամի փոխարեն գործունեության արգելքի 48 և 72 ժամյա կասեցումներ։
Էրեբունի վարչական շրջանում արձանագրված ամենալուրջ խախտումներն առնչվում են առեւտրի կենտրոններում մարդկային կուտակումներին, դրանց չկառավարմանը: Այդպիսիք գրանցվել են սուպերմարկետների խոշոր ցանցերից մեկի մասնաճյուղում, որի կասեցման միջնորդություն կներկայացվի պարետին։
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հերթական անգամ շեշտում է՝ պարետի որոշմամբ տարբեր ոլորտների համար սահմանված են անվտանգության առանձին կանոններ՝ դիմակի կրման, ախտահանման, ջերմաչափման և այլնի մասով։ Առևտրի, սպասարկման, գրասենյակային տարածքներում, ստոմատոլոգիական, գեղեցկության կենտրոններում և այլ ոլորտներում դրանց պահպանումն այլընտրանք չունի, այլապես կհետևեն վարչական պատասխանատվության միջոցներ։
Կարծիքներ