Ընդդիմությունը ստում է ժողովրդին. Մասիսի ավագանին վարչապետի հրաժարականը չի պահանջում

Ընդդիմությունը ստում  է ժողովրդին. Մասիսի ավագանին վարչապետի հրաժարականը չի պահանջում

Օրեր առաջ ընդդիմության հանրահավաքներից մեկի ժամանակ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ու ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հայտարարեցին, որ Մասիս քաղաքը և ավագանու անդամները միանում են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին։ Ըստ շրջանառվող լուրերի Մասիս քաղաքի ավագանու մի մասը նախապես տեղյակ չի եղել քաղաքապետի հայտարարության մասին, իսկ մի քանիսը քաղաքապետի ճնշումների ներքո են միացել պահանջին՝ փորձելով մոլորեցնել հասարակությանը։

Լուրերի իսկությունը ճշտելու համար Freenews.am լրատվականը կապ հաստատեց Մասիս քաղաքի ավագանու անդամների հետ:

 

Տեսանյութում ավագանու անդամների հետ հեռախոսազանգերի ձայնագրություններն են:

Մասիսի ավագանու անդամ Վաչագան Աբգարյանը նշեց, որ սխալմունք է եղել, ինքը հիվանդանոցում է: Հարցին արդյո՞ք քաղաքապետի հետ խոսակցություն ունեցել է, հասկանալու համար, թե ինչու՞ է նա ավագանու անդամների անունից հրաժարական պահանջում Աբգարյանը պատասխանեց. «Ես ո՛չ քաղաքապետարան եմ գնացել, ո՛չ քաղաքապետի հետ եմ խոսել։ Ես հիվանդանոցում պառկած եմ։ Երեք օր առաջ թույլտվություն եմ խնդրել, գնացել եմ նիստին մասնակցել ու հետ եմ եկել։ Քաղաքապետը թող իր անունից ասի, ինքը ո՞նց կարա ժողովրդի անունից հրաժարական պահանջի։ Քաղաքապետն ո՞վ ա, որ ժողովրդի ու ավագանու անունից հայտարարություն անի»:

Ավագանու մեկ ուրիշ անդամ Վահան Վարդանյանը ևս ասաց, որ ինքը հայտարարությանը չի միացել:

«Ես ոչ մեկին ոչ դեմ եմ, ոչ կողմ: Ավել բան չեմ կարող ասել»:

Ավագանին ընդհանուր որոշում չի կայացրել, այս մասին էլ ասաց ավագանու անդամ Արսեն Եղիազարյանը. «Ավագանին նման որոշում չի ընդունել, ինձ ասել են միացիր, ասել եմ չեմ կարող: Մեզնից ոչ մեկն էլ իմ կարծիքով իր համաձայնությունը չի տվել: Անձամբ ես չեմ միացել հրաժարականի պահանջին, ընդհանուր քննարկում չի եղել, ուր մնաց որևէ թղթի կամ հայտարարության տակ ստորագրելը: Ես հեռաուստացույցից եմ իմացել, որ մեր ավագանին հրաժարական ա պահանջում»:

Եղիազարյանը նշեց, որ քաղաքապետը հիմա արձակուրդում է, անգամ վերջին նիստին չի էլ եղել, և այդ նիստից հետո եղել է այդպիսի հայտարարություն:

Աբրահամ Շահվերդյանն էլ, ով ևս ավագանու անդամ է, պնդեց, որ ինքն անձամբ Նիկոլ Փաշինյանի կողմնակիցն է. «Ես Փաշինյանի հրաժարականը չեմ պահանջում: Ես տեղյակ չեմ եղել որ նման հայտարարություն պիտի տարածվի մեր անունից: Քաղաքապետը նախորդ նիստին ներկա չի գտնվել, մեզ հետ այդ հարցը չի քննարկվել: Հետո ինչու են մեր անունից հայտարարություն տարածել՝ չգիտեմ»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում