Արվում է առավելագույնը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու համար. Արայիկ Հարությունյան
Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Բռնցքամարտի Եվրոպայի առաջնության անցկացման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր մասնակցել է Երևանում մայիսի 22-30 անցկացվելիք բռնցքամարտի Եվրոպայի առաջնությանն ընդառաջ կազմակերպված մամուլի ասուլիսին:
Այն տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ նախատեսվում է առաջնության անցկացումը: Մամուլի ասուլիսին մասնակցել են նաև կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանը և Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը:
Մինչ ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին պատասխանելը, Արայիկ Հարությունը նշել է, որ Կառավարության համակողմանի աջակցությամբ, ինչպես նաև սպորտի հետ կապ ունեցող բոլոր կառույցների հետ համատեղ իրականացվել են մեծածավալ աշխատանքներ, որպեսզի աշխարհում մարզական կարևորագույն իրադարձություններից մեկը Հայաստանում անցկացվի բարձր մակարդակով:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը, մասնավորապես, նշել է. «Ուզում եմ շնորհավորել բոլորիս այս մարզական իրադարձության առիթով: Իրականում, նման մեծ մարզական միջոցառում մենք Հայաստանի Հանրապետությունում վաղուց չենք հյուրընկալել: Պետությունը, ֆեդերացիան և մեր մյուս գործընկերներն անում են առավելագույնը՝ մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար: Համենայնդեպս՝ այն գնահատականները, որ մենք ստանում ենք մեր միջազգային գործընկերներից, շատ դրական են: Մենք ուզում ենք նոր նշաձող սահմանել առնվազն բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունների համար»:
Արայիկ Հարությունյանը նշել է, որ առաջնությանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու 200-ից ավելի բռնցքամարտիկներ 39 երկրից: «Մենք հոգ ենք տարել մարզիկների և պատվիրակությունների բոլոր հարմարությունների համար: Պատրաստվում ենք արդեն մայիսի 22-ին տալ պաշտոնական մեկնարկը շատ գեղեցիկ բացումով»:
Վարչապետի աշխատակազմի ղեկավարը նաև նշել է, որ Հայաստանի հավաքականի բռնցքամարտիկների տրամադրվածությունը մարտական է՝ սահմանելու լավագույն արդյունքներից մեկն այս մրցաշարում:
Ասուլիսի բանախոսներն այնուհետև պատասխանել են լրագրողներին հետաքրքրող հարցերին, որից հետո Արայիկ Հարությունյանը շրջայց է կատարել առաջնության անցկացման համար նախատեսված դահլիճում, ծանոթացել կատարված և ընթացիկ աշխատանքներին:
Կարծիքներ