ԱՄՆ-ն ամբողջ աշխարհում կորցրել է իր անհերքելի գերազանցությունը. ԿՀՎ ղեկավար
Միացյալ Նահանգներն այլևս չունի անվիճելի առաջատարություն համաշխարհային ասպարեզում։ Ինչպես տեղեկացնում է «ТАСС»-ը, այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տնօրեն Ուիլյամ Բերնսը Foreign Affairs ամսագրի համար գրված հեղինակային հոդվածում։
«Չինաստանի վերելքը և Ռուսաստանի ռևանշիզմը լուրջ աշխարհաքաղաքական մարտահրավերներ են ներկայացնում ինտենսիվ աշխարհաքաղաքական մրցակցության աշխարհում, որտեղ ԱՄՆ-ն այլևս չի վայելում անառարկելի գերակայություն և որտեղ առկա են կլիմայական սպառնալիքները», - գրել է Բերնսը:
ԿՀՎ տնօրենը նշել է, որ իրավիճակը բարդանում է շարունակվող տեխնոլոգիական հեղափոխության պատճառով, որն անգամ ավելի մեծ խնդիր է, քան արդյունաբերական հեղափոխությունը կամ միջուկային դարաշրջանի սկիզբը։ «Միկրոչիպերից մինչև արհեստական ինտելեկտ և քվանտային հաշվարկներ, այս բոլոր նոր տեխնոլոգիաները փոխում են աշխարհը, ներառյալ հետախուզական մասնագիտությունը: Հաճախ այդ զարգացումները բարդացնում են ԿՀՎ-ի աշխատանքը, քանի որ հակառակորդներին տալիս են նոր հզոր գործիքներ», - գրել է Բերնսը:
Միևնույն ժամանակ նա համոզմունք է հայտնել, որ որքան էլ աշխարհը փոխվի, այնուամենայնիվ կմնան գաղտնի տվյալներ, որոնց հավաքագրումը ենթակա է միայն մարդու իշխանությանը, և հետախուզական գործողություններ կարող է իրականացնել միայն մարդը:
Կարծիքներ