ԱՄՆ պատրաստ է նպաստել Լիբանանի եւ Իսրայելի միջեւ ծովային սահմանի շուրջ բանակցություններին
ԱՄՆ-ը պատրաստ է նպաստել Լիբանանի եւ Իսրայելի միջեւ ծովային սահմանի շուրջ բանակցություններին, ինչը օգուտ կբերի Լիբանանի ճգնաժամից տուժած տնտեսությանը, ասել է պետքարտուղարի տեղակալ Դեւիդ Հեյլը, հաղորդում է Reuters-ը:
Բեյրութ կատարած այցի ընթացքում Հեյլը լիբանանյան առաջնորդներին մեղադրել է այն բանում, որ նրանք կառավարություն ստեղծելու բանակցություններում չեն կարողացել դուրս գալ փակուղուց: Նա նախազգուշացրել է, որ «նրանք, ովքեր շարունակում են խոչընդոտել» առաջընթացին, պատժի կարող են ենթարկվել:
Հեյլը Լիբանանի նախագահ Միշել Աունի հետ հանդիպումից հետո «Հըզբոլլահին» ու Իրանին մեղադրել է պետությունը տապալելու մեջ: Նրա խոսքով՝ Իրանի հետ 2015-ի միջուկային գործարքը վերսկսելու շուրջ բանակցությունները կարող են նպաստել տարածաշրջանային կայունությանը, բայց «դա կլինի մեր աշխատանքի միայն սկիզբը», քանի որ ԱՄՆ-ն ուսումնասիրում է «Իրանի ապակայունացնող վարքի այլ տարրեր»:
Դիվանագետը նշել է, որ Իսրայելի հետ ծովային սահմանի շուրջ վեճի լուծումը «կարող է Լիբանանին զգալի տնտեսական օգուտներ տալ»:
Լիբանանի նախագահի կողմից տարածված հայտարարության մեջ ասվում է, որ Աունը խնդրել է հավատարմագրել միջազգային փորձագետներին՝ այդ տարածքում միջազգային օրենսդրությանը համապատասխան սահմաններ գծելու համար, եւ խնդրում է, որ այդ ժամանակ ջրերում նավթի եւ գազի հետախուզական աշխատանքներ չանցկացվեն:
Կարծիքներ