Դատարանը Ջալալ Հարությունյանին մեղավոր է ճանաչել

Դատարանը Ջալալ Հարությունյանին մեղավոր է ճանաչել

Սյունիքի մարզի դատարանը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին մեղավոր ճանաչելու մասին որոշում է կայացրել։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Ջալալ Հարությունյանի փաստաբան Արսեն Սարդարյանը։

Պատասխանելով հետագա գործողությունների, ինչպես նաև խափանման միջոցների մասին հարցին՝ փաստաբանը նշեց, որ դեռ պետք է դատական ակտը ստանան, ծանոթանան և դրանից հետո հասկական հետագա քայլերը։

«Մեզ համար խիստ անսպասելի էր մեղադրական վերդիկտի հրապարակումը և մտահոգիչ։ Այս պահին հրապարակվել է միայն դատարանի որոշումը»,-ասաց Սարդարյանը։

Փաստաբանը համոզմունք հայտնեց, որ Ջալալ Հարությունյանի անմեղ լինելը գործով ապացուցված է․ «Մինչև դատական ակտը չստանանք, չտեսնենք, թե ինչ է գրել դատավորը, ակտը մեկնաբանելը վաղաժամ է»։ 

Ջալալ Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործը վերաբերում է 2020 թվականի հոկտեմբերի 12-ի Ցորի զորամասի Դ-20 դիվիզիոնի վրա հակառակորդի հարձակման հետևանքով ունեցած կորուստներին։ 

Ջալալ Հարությունյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով՝ «զինվորական պաշտոնեական անփութություն, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ հինգից տասը տարի ժամկետով»։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում