Մահացել է իտալացի աշխարհահռչակ կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն
Իտալիայում 91 տարեկանում կյանքից հեռացել է հանրահայտ կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն, հայտնում է Rainews24 հեռուստաալիքը։
Նշվում է, որ օրեր առաջ նա կոտրել էր ազդրը. կոտրվածքից առաջացած բարդացումների հետևանքով Մորիկոնեն մահացել է երկուշաբթի գիշերը՝ Հռոմի կլինիկաներից մեկում։
Մահվան վերաբերյալ այլ մանրամասներ դեռևս չեն ներկայացվում։
Էնիո Մորիկոնեն ծնվել է Հռոմում, երաժիշտների ընտանիքում։ Որպես ստեղծագործող սկզբում հանդես է եկել գիշերային ակումբներում և հյուրանոցներում, ավելի ուշ սկսել է թատրոնում աշխատել։ 1950-ական թվականներին սկսել է ռադիոյի և հեռուստաընկերության համար հայտնի երգեր վերադաշնակել։ 1966-ական թվականներից արդեն սկսել է ֆիլմերի համար երաժշտություն գրել։
Մորիկոնեն առավել մեծ հայտնիություն է ձեռք բերել իր նախկին համադասարանցի Սերջո Լեոնի հետ «Սպագետտի վեստթերն» ֆիլմի վրա աշխատելու, իսկ ավելի ուշ Բեռնարդո Բերտոլուչիի,Պիեռ Պաոլո Պազոլինիի, Դարիո Արջենտոյի հետ համագործակցության շնորհիվ։
Մորիկոնեն երաժշտություն է գրել բազում իտալական և արտասահմանյան ֆիլմերի համար՝ համագործակցելով Ռոման Պոլանսկիի, Օլիվեր Սթոունի, Բրայան դե Պալմայի, Քվենտին Տարանտինոյի և այլ աստղերի հետ։ Մորիկոնեն երկու անգամ արժանացել է «Օսկար» մրցանակի, 9 անգամ դարձել է իտալական «Դավիդ դի Դոնատելո» կինոփառատոնի դափնեկիր, երեք անգամ արժանացել է «Ոսկե գլոբուս», 6 անգամ՝ BAFTA մրցանակների։
Կարծիքներ