Կբարձրացվի զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների վճարման գործընթացի արդյունավետությունը
Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի համաձայն շահառուներին հատուցման գումարների վճարման գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու, ըստ շահառուների կարգավիճակի վճարված դրոշմանիշային վճարի գումարների վերադարձման գործընթացը հստակեցնելու նպատակով:
Որոշմամբ հստակեցվում են հատուցում ստացող շահառուի մահվան դեպքում անհրաժեշտ տեղեկատվության ստացման, այդ շահառուի մասով հատուցման գումարը այլ շահառուների մեջ բաժանելու և վճարելու, պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամներին, ներառյալ նրանց, ովքեր հանդիսանում են նաև անհատ ձեռնարկատեր կամ նոտար, հաշվետու օրացուցային տարվա համար դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու ժամկետների սկզբի և ավարտի որոշման ընթացակարգերը:
Առաջարկվում է նաև այդ գործընթացում մի շարք փաստաթղթերի և տեղեկությունների ներկայացման պահանջները չկիրառել այն անձանց նկատմամբ, ովքեր արդեն իսկ հանդիսանում են հիմնադրամի շահառուներ: Դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու համար անհրաժեշտ ժամկետ է սահմանվում մինչև 15 աշխատանքային օրը։
Մեկ այլ որոշմամբ Կառավարությունը 77,532.4 հազար դրամ կհատկացնի Սիսիանի համայնքապետարանին՝ 44-օրյա պատերազմում զոհված և Սիսիանի պանթեոնում հուղարկավորված 64 զինծառայողների, և 2020 թ. Տավուշի մարզում զոհված 1 զինծառայողի, ինչպես նաև Սիսիան քաղաքի գերեզմանատանը հուղարկավորված 2 զինծառայողների տապանաքարերի պատրաստման և տեղադրման աշխատանքները համակարգված իրականացնելու նպատակով։
Հատկացված գումարով պատրաստվելու և տեղադրվելու է 67 տապանաքար։ Մեկ միավորի համար (սև գրանիտե շիրմաքարերն իրենց լրակազմերով) հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից «Եռաբլուր» զինվորական պանթեոնի համար ձեռք բերված մեկ միավորի արժեքը։
Կարծիքներ