Հայաստանը գրանցել է հիմնական կապիտալում ներդրումների ամենամեծ նվազումը ԵԱՏՄ-ում
Հայաստանում 2020-ի հունվար-սեպտեմբերին հիմնական կապիտալում ներդրումներն, ընթացիկ գներով և ՀՀ կենտրոնական բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին փոխարժեքով կազմել են 462,4 մլն ԱՄՆ դոլար. ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մշտական գներով, նվազել է 15,7%-ով։
ԵՏՀ-ի տվյալներով՝ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրներում այս տարվա առաջին ինն ամիսների ընդհանուր կապիտալ ներդրումները կազմել են 197 մլրդ 374,7 մլն դոլար և 2019-ի նույն ամիսների համեմատ նվազել 4,2%-ով։
Ընդ որում, 2020-ի հունվար-սեպտեմբերին Բելառուսում կատարվել են 8 մլրդ 389,9 մլն դոլարի ներդրումներ (ընթացիկ գներով և այդ երկրի ազգային բանկի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթի միջին կշռված փոխարժեքով), որը 2,1%-ով պակաս է նախորդ տարվա ծավալից։
Ղազախստանի, Ղրղզստանի և Ռուսաստանի դեպքում կապիտալ ներդրումների ցուցանիշը հաշվարկվել է ընթացիկ գներով և կենտրոնական (ազգային) բանկերի կողմից հաշվարկված՝ ԱՄՆ դոլարի նկատմամբ ազգային արժույթների միջին փոխարժեքով։ Այսպես, Ղազախստանում այն 2020-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 20 մլրդ 194,4 մլ դոլար և 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել 4,9%-ով, Ղրղզստանում և Ռուսաստանում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 1 մլրդ 20,7 ԱՄՆ դոլար և 14,7% նվազում, իսկ Ռուսաստանում՝ 167 մլրդ 306,7 մլն դոլար և 4,1% նվազում։
Կարծիքներ