Ինչ օգնություն է տրամադրվելու արցախահայությանը. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Կառավարությունը հաստատել է սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում հաշվառված քաղաքացիներին աջակցություն տրամադրելու կարգը:
Ըստ այդմ, միանվագ դրամական օգնությունը նշանակում և վճարում է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը: Խոսքը յուրաքանչյուր քաղաքացուն 300 հազար դրամի չափով միանվագ աջակցություն տրամադրելու մասին է: Սակայն սա միակ ծրագիրը չէ. արցախահայության աջակցության համար այս պահին կա 2 հաստատված միջոցառում:
Առաջին միջոցառումն ուղղված է Արցախում հաշվառում ունեցող քաղաքացիներին: Յուրաքանչյուր քաղաքացուն տրամադրվում է սոցիալական աջակցություն՝ 68.000 դրամի չափով:
Այս պահի դրությամբ արդեն մոտ 30.000 քաղաքացի ունի հաստատված դիմում: Այս 2 միջոցառումն է հաստատված, նաև քննարկվում է մի քանի միջոցառում: Մասնավորապես, այն քաղաքացիները, որոնք այս պահին, իրենց բնակավայրերերի կորստով պայմանավորված, իրենց կեցությունն առաջիկա ամիսներին կանցկացնեն Հայաստանում, նաև որոշակի ծախսերի փոխհատուցման մեխանիզմ կունենան: Սա արցախցիների համար, սակայն սկսվել է նաև զինվորների ընտանիքներին փոխհատուցում տրամադրելու գործընթացը:
Երեկվա դրությամբ Զինվորների ապահովագրության հիմնադրամն արդեն հատուցումներ է տրամադրել 104 զոհված զինծառայողների ընտանիքների: Նշենք, որ զոհված, անհայտ կորած կամ առաջին կարգի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին կամ նրանց ընտանիքներին միանվագ տրվում է 10 միլիոն դրամի ֆինանսական հատուցում, այնուհետև յուրաքանչյուր ամիս 20 տարի շարունակ հիմնադրամը վճարում է 200-300 հազար դրամ։ Գումարի տարբերությունը պայմանավորված է տվյալ զինծառայողի զինվորական աստիճանով՝ ժամկետային է, պայմանագրային, թե սպա։
Երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողը միանվագ կստանա 5 միլիոն դրամ, այնուհետև կրկին քսան տարի շարունակ՝ 100-200 հազար դրամ ամսական հատուցում։ Եթե զինծառայողն ունի երեք և ավելի երեխաներ, ապա այդ երեխաների համար հիմնադրամը լրացուցիչ 100 հազար դրամ կվճարի»։
Կարծիքներ