Միջին մասնագիտական կրթական ծրագրով վերջին կուրսում սովորողները տարկետման հնարավորություն կստանան
ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկման համար հավանություն տվեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացրած օրենքի նախագծին, որով առաջարկվում է միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորողներին կառավարության որոշմամբ մեկ անգամ տալ տարկետում, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը:
«Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը:
Սահմանվում է, որ օրենքի նախագծի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն տրված տարկետման ժամկետի ավարտի օրվա դրությամբ միջին մասնագիտական կրթական ծրագրով ուսումնառությունը չավարտած, ավարտական կուրսում սովորող եւ պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացուն Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ մեկ անգամ տրվում է տարկետում՝ մինչեւ ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 20 տարին լրանալու օրը:
Կոստանյանը նշեց, որ կոնսենսուսը ձեռք են բերել կառավարության և «Իմ քայլի» պատգամավորների հետ քննարկման արդյունքում: Առաջինից երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում նախագծի վերաբերյալ կառավարությունը ներկայացրել էր տեխնիկական առաջարկներ, որոնք ընդունելի էին հեղինակի համար:
Կարծիքներ