Գեղարքունիքում մեկնարկել է ամառային զորակոչը
Գեղարքունիքի մարզում մեկնարկել է 2022 թվականի ամառային զորակոչը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետարանի զորակոչային նախապատրաստության բաժնից, նորակոչիկները Հայոց բանակ են ճանապարհվել ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքից:
Զորակոչի արարողությանը ներկա են գտնվել Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, Գավառ համայնքի ղեկավարի տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, ՀՀ ՊՆ Զ եւ ԶՀԾ Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման Գավառի բաժանմունքի աշխատակիցներ, մարզի ուժային կառույցների ներկայացուցիչներ, նորակոչիկների ծնողներ, հարազատներ։
Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը շնորհավորել է նորակոչիկներին եւ նրանց ծնողներին, բարեմաղթանքի խոսքեր հղել հայրենիքի պաշտպաններին:
Այնուհետ Գավառ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում կատարվել է նորակոչիկների օրհնության կարգ՝ ձեռամբ Գավառի տարածաշրջանի հոգեւոր հովիվ Տեր Նշան քահանա Սարգսյանի:
«Այսօր մեր համար առանձնահատուկ օր է, քանի որ մեր զավակներին ճանապարհում ենք Հայոց բանակ: Չնայած մի քիչ տխուր ենք, բայց այդ զգացողությունը միախառնվում է ուրախությանը, քանի որ գիտակցում ենք` ունենք այնպիսի զավակներ, որոնց վստահվում է Հայոց բանակում ծառայելու սրբազան պարտքը։ Թող բարով ծառայեն ու անփորձանք վերադառնան տուն։ Մաղթում ենք խաղաղություն մեր երկրին և հայրենիքի սահմաններին, իսկ ծառայությունը պատվաբեր գործընթաց է յուրաքանչյուր երիտասարդի համար»,- նշել են նորակոչիկների ծնողները:
Կարծիքներ