Կոտայքի և Արագածոտնի մարզերում մեկնարկել է անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն-քիմիական պայքարը
ՀՀ պետական բյուջեի ֆինանսավորմամբ հանրապետությունում մեկնարկել են անտառային հիվանդությունների և վնասատուների դեմ ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումները։ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ միջոցառումներն իրականացվում են Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեի «Հայնատառ» ՊՈԱԿ-ի Կոտայքի և Արագածոտնի մարզերում գտնվող անտառային վնասատուներով և հիվանդություններով վարակված «Անտառտնտեսություն» մասնաճյուղերում։
Ավելի վաղ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնակատար Ռոմանոս Պետրոսյանը ոլորտը համակարգող կառույցներին և ստորաբաժանումներին հանձնարարել էր այս նպատակով մեկտեղել պետական կառավարման այլ գերատեսչությունների կարողություններն ու տեխնիկական հնարավորությունները։ Աշխատանքների ընթացքին հետևում էր Անտառային կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ա.Պետրոսյանը։
Գարնանային անտառպաթոլոգիական հետազոտությունների արդյունքում տերևակեր վնասատուներով և հիվանդություններով վարակված տարածքն ըստ մարզերի՝ շուրջ 11.575 հա է (2019 թվականի տվյալներով՝ 5400 հա, 2020 թվականի տվյալներով ևս 6100 հա):
Նախարարությունը նշում է, որ թունավորումից խուսափելու նպատակով միջոցառումների ավարտից հետո` 25 օր խստիվ արգելվում է քիմիական մշակման ենթարկված տարածքներ մարդկանց և կենդանիների մուտքը, սնկերի, բույսերի և հատապտուղների հավաքը, ինչպես նաև նշված ժամանակահատվածում մեղվաընտանիքները դուրս են բերվել այդ տարածքներից:
Կարծիքներ