Ռուսաստանը պայթյունի հետևանքով տուժածների համար Բեյրութում շարժական հոսպիտալ կտեղակայի
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունն օգոստոսի 5-ին Բեյրութ կուղարկի շարժական հոսպիտալով, բժիշկներով, փրկարարներով և «Ռոսպոտրեբնադզոր» ծառայության աշխատակիցներով 5 ինքնաթիռ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տեղեկացրել են նախարարության մամուլի ծառայությունից:
«Հումանիտար ակցիայի շրջանակում Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ընդհանուր առմամբ 5 ինքնաթիռ կուղարկվի լիբանանյան Բեյրութ` օգնություն ցուցաբերելու և երեկ տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքները չեզոքացնելու համար»,-հայտարարել են մամուլի ծառայությունից:
«Բոլոր մասնագետները կունենան հատուկ կոստյումներ և պաշտպանության միջոցներ` հաշվի առնելով կորոնավիրուսի հետ կապված համաճարակային իրավիճակը»,-նշել են նախարարությունում:
Լիբանանի մայրաքաղաքում փորձում են ուշքի գալ օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած աղետալի պայթյունից: Բեյրութի նավահանգստում որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են, հայտնում է Լիբանանում Կարմիր խաչի գրասենյակը: Զոհերից 6-ը հայ են:
Պայթյունի հարվածային ալիքն այնքան ուժեղ է եղել, որ մայրաքաղաքի որևէ հատված ավերածությունից զերծ չի մնացել, անգամ հարևան Հորդանանում 4.5 մագնիտուդ ուժգնությամբ ցնցումներ են գրանցվել:
Բեյրութն օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով աղետի գոտի է հայտարարվել, քաղաքում երկու շաբաթով՝ օգոստոսի 4-18-ը, արտակարգ դրություն է սահմանվել:
Լիբանանի Անվտանգության բարձրագույն խորհրդի արտահերթ նիստում վարչապետ Հասան Դիաբը հայտարարել էր, որ աղետի մեղավորները խիստ պատասխանատվության են ենթարկվելու:
«Բացարձակապես անընդունելի է, որ վեց տարի շարունակ նավահանգստի պահեստում 2750 տոննա ամոնիումի նիտրատ է պահվել, և նավահանգստի կառավարիչների կողմից պրոֆիլակտիկ որևէ գործողություն չի իրականացվել»,- շեշտել է Դիաբը:
Բեյրութում որոտացած ավերիչ պայթյունի հետևանքով մեծ վնասներ են կրել նաև հայկական համայնքային կառույցները:
«Վնասվել են Անթիլիասի Մայր Տաճարի, Վեհարանի, հայագիտական և մանկավարժական կենտրոնների, ինչպես նաև՝ «Կիլիկիա» թանգարանի դռները, պատուհանները, ջահերը»,- ասված է կաթողիկոսարանի տարածած հաղորդագրությունում:
Կարծիքներ