Դուբայի Բուրջ Խալիֆան լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով (լուսանկարներ)

Դուբայի Բուրջ Խալիֆան լուսավորվել է Լիբանանի դրոշի գույներով (լուսանկարներ)

Աշխարհի ամենաբարձր շինությունը՝ Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Բուրջ Խալիֆա երկնաքերը, լույս չորեքշաբթի լուսավորվել է Լիբանանի ազգային դրոշի գույներով: Այդպիսով` ԱՄԷ-ն իր համերաշխությունն է հայտնել Լիբանանին, որի մայրաքաղաք Բեյրութում նախօրեին տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով ավելի քան հարյուր մարդ է զոհվել:

Ինչպես նշում է Al Arabiya-ն, ԱՄԷ արտգործնախարար Անվար Գարգաշը նշել է, որ «իրենք հոգով և սրտով լիբանանցիների հետ են և աղոթում են եղբայրական ժողովրդի բարօրության համար»:

Աղբյուրը նկատում է, որ ներկայում Լիբանանն աննախադեպ տնտեսական ճգնաժամի կիզակետում է: Կորոնավիրուսային համավարակի ֆոնին չեն դադարում հակակառավարական ցույցերը, երկրում կտրուկ աճում է գործազրկության մակարդակը, պարենի սուր պակաս է նկատվում: Մինչդեռ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունը ոչնչացրել է ցորենի և այլ հացահատիկների պաշարները:

Հիշեցնենք, որ Բեյրութի նավահանգստում օգոստոսի 4-ի երեկոյան որոտացած հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 100-ը, վիրավորները 4000-ից ավելի են: Զոհերի մեջ կա 4 հայ:

Ականատեսները տեսանկարահանել են կատարվածն ու ներկայացրել ավերածությունները, որոնք տեղի են ունեցել շրջակայքում: Առաջին պայթյունը որոտացել է քաղաքային նավահանգստում, տեղական ժամանակով երեկոյան 18:00-ից հետո: Րոպեներ անց, ըստ որոշ հրապարակումների, ավելի մեծ պայթյուն է որոտացել:Տեսանկարահանումը ֆիքսել է հարվածային ալիքը, որը ցնցել է մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտնվող շինությունները: Լիբանանի առողջապահության նախարարությունը բոլոր հիվանդանոցներին հրահանգել էր պատրաստվել վիրավորների ընդունմանը, իսկ երկրի Առողջապահության նախարարը հեռուստատեսությամբ հայտնել է, որ վիրավորների թիվը շատ մեծ է: 

Լիբանանի նախագահն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ է հրավիրել։ Երկրում օգոստոսի 5-ը սգո օր է հայտարարվել։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում