Մոդին Պուտինի հետ բանակցություններն անվանել է արդյունավետ
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին արդյունավետ է անվանել ռուսական և հնդկական պատվիրակությունների՝ Կրեմլում կայացած պաշտոնական բանակցությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա ռուսերեն գրառում է կատարել X սոցիալական հարթակում։
«Այսօր Կրեմլում տեղի ունեցան արդյունավետ բանակցություններ նախագահ Պուտինի հետ։ Բանակցությունների ընթացքում քննարկվեցին հնդկական-ռուսական համագործակցության դիվերսիֆիկացման ուղիներն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են առևտուրը, անվտանգությունը, գյուղատնտեսությունը, տեխնոլոգիաները և նորարարությունները։ Մենք մեծ նշանակություն ենք տալիս տրանսպորտային հասանելիությանը և մշակութային փոխանակմանը», - նշել է Մոդին:
Իր հերթին, հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Հնդկաստանի վարչապետին ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման ուղիներ փնտրելու փորձերի համար։
Ըստ «Ինտերֆաքս» գործակալության՝ վարչապետ Մոդին նույնպես նշել է, որ հունիսի 8-ին ոչ պաշտոնական շփումների ժամանակ քննարկվել է Ուկրաինայում հակամարտության հարցը։
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին վերընտրվելուց հետո իր առաջին պաշտոնական այցը կատարում է Ռուսաստան։
Կարծիքներ