Սեյրան Օհանյանն անդրադարձավ մինչև 2018-ը ռազմական անհավասարակշռությունը կանխելու ուղղությամբ արված քայլերին

Սեյրան Օհանյանն անդրադարձավ մինչև 2018-ը ռազմական անհավասարակշռությունը կանխելու ուղղությամբ արված քայլերին

ՀՀ ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանից հետաքրքրվեց, թե նախկին իշխանություններն արդյոք ունե՞ն մեղքի բաժին 2018-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմական անհավասարակշռության մեջ:

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում Աղաջանյանը մասնավորապես հարցրեց. «Նախքան հեղափոխությունը ՀՀ-ի իշխանություններն ունե՞ն որևէ մեղքի բաժին այն ռազմական դիսբալանսի մեջ, որը փաստացի առկա էր 2018-ի մայիսին: Եվ ի՞նչ է արել կամ ի՞նչը այնպես չի արել նախկին կառավարությունը, ո՞րն է նման ռազմական դիսբալանսի բացատրությունը 2018-ի դրությամբ, երբ մեր իշխանությունը որևէ ժամանակահատված չէր կառավարել երկիրը»:

«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, ով 2008-2016թթ եղել է ՀՀ պաշտպանության նախարար,  ընդգծեց, որ անվտանգության ապահովման գործում զուգահեռաբար են աշխատում. և քաղաքական ռեսուրսներն են ամբողջությամբ օգտագործում արտաքին քաղաքականության մեջ, և անվտանգության համակարգի, հատկապես բանակի զարգացման ուղղությամբ են աշխատանք տանում: «Բանակի զարգացման ընթացքն այս տարիների ընթացքում ցույց է տվել, որ բանակն իրոք իր զարգացումն ապահովում է»,-ասաց նա:

Խոսելով ռազմական անհավասարակշռության մասին՝ Օհանյանը նշեց. «27 տարիների ընթացքում բավականին լուրջ աշխատանք է տարվել, նկատի ունեմ և անձնակազմի պատրաստություն, և մեր թատերաբեմի կահավորում. պաշտպանություն, անվտանգություն, սահմաններ, ինժեներական կահավորումներ, սպառազինություն և ռազմական տեխնիկա: Իհարկե, մենք մեր հնարավորություններով չենք կարող համեմատվել Ադրբեջանի հետ, Ադրբեջանն ավելի արագ տեմպերով է զարգացել, հաշվի առնելով նաև ՀՀ տնտեսության զարգացման ընթացքը: Որքան, որ հնարավորություն եղել է, այս միջոցառումներն իրականացվել են»:

Ըստ Օհանյանի՝ եթե այդպիսին է իրավիճակը, ապա անպայման արտաքին հարաբերություններում բանակցային գործընթացի ճիգերը պետք է ավելի արագ տեմպերով ընթանան, շեշտը պետք է դրվի դրա վրա: Նա շեշտեց՝  2018-2020 թթ երկրի իշխանությունները պետք է ճիշտ գնահատական տային ռազմաքաղաքական իրավիճակին, արտաքին հարաբերություններում իրենց գործունեությունը ծավալելու համար չափազանց զգուշավոր լինեին: Խոսելով սպառազինության և ռազմական տեխնիկայի գնումների իրականացման գործընթացից՝ խմբակցության ղեկավարը վստահեցրեց, որ 2016-ի ապրիլյան պատերազմից հետո մանրակրկիտ ուսումնասիրություններից հետո շեշտը դրվել է հիմնականում այնպիսի ուղղությունների վրա, որտեղ ՀՀ-ն որոշակի թերություններ է ունեցել: «Առաջին հերթին դա ավիացիոն կոմպոնենտի զարգացումն է: Բավականին մեծ քանակությամբ ԱԹՍ-ներ պետք է գնվեին, երկրորդը՝ ռադիոէլեկտրոնային պայքարն է, այդ հարցում լուրջ, դեպի բացասական փոփոխություններ են տեղի ունեցել, որն ազդել է այն առավելության վրա, որն Ադրբեջանն ունեցել է այս պատերազմի ընթացքում: Այնուամենայնիվ, այս ամենն էլ հաշվի առնելով՝ ՀՀ ԶՈՒ-ն՝ իր մասնաբաժնով, մանավանդ Արցախի ՊԲ-ն ի վիճակի էին իրենց առջև դրված խնդիրն իրականացնել, պարզապես պետք էր համալրման և համակողմանի ապահովման միջոցառումներ, երկիրը ռազմական ռելսերի վրա դնելու, հավաքական կամքը համախմբելու միջոցառումներ իրականացնել»,-ասաց նա:

Աղաջանյանը հետաքրքրվեց, թե արդյոք հնարավոր չէր 2018-ի մայիսի դրությամբ ունենալ ավելի պաշտպանված, ավելի ունակ, ավելի կահավորված, պատրաստված ԶՈՒ, որը կկարողանար դիմակայել մարտահրավերներին:

Օհանյանն արձագանքեց՝ իհարկե հնարավոր էր, միշտ ցանկություններն ավելին են եղել, քան եղել է պետության հնարավորությունը: Հնարավորությունները եղել են այնքան, որքան ՀՀ պետական բյուջեն, նաև գործընկերների հետ ռազմավարական հարաբերությունների շրջանակում հնարավորություն է եղել ԶՈՒ-ն համալրել: Օհանյանը գործող իշխանությանը մեղադրեց կառավարման համակարգում բանակի դերակատարության բարձրացման ուղղությամբ ոչ լիարժեք քայլեր իրականացնելու և այլ գործողությունների մեջ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում