Կարմրուկի ակտիվ օջախներ կան բոլոր մարզերում
Հանրապետությունում կարմրուկի վարակվածության տեմպերն անհանգստացնող են։ Բերովի դեպքերից բացի, ոչ միայն ներսում են առկա ակտիվ օջախներ, այլև վարակվածների թիվն է ավելանում։
«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար, ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Գայանե Սահակյանը նշեց, որ եթե ամբողջ 2023 թվականին գրանցվել էր 545 լաբորատոր հաստատված դեպք, ապա այս տարվա ընթացքում արդեն 420 հաստատված դեպք կա։ Մասնագետը համեմատության համար նշեց, որ եթե նախորդ տարվա մարտին գրանցվել էր կարմրուկի վարակման 50, ապա 2024-ի մարտին եղավ 136 դեպք։ Ներկայում ակտիվ օջախներ կան հանրապետության բոլոր մարզերում։ Ամենաշատ դեպքերը գրանցվել են Գեղարքունիքի մարզում, Կոտայքում և Երևանում։ Կարմրուկ գրանցվել է տարբեր տարիքային խմբերում։ Թիրախում ինչպես երեխաներն են, այնպես էլ՝ մեծահասակները։
«Բոլորն ասում են, որ կարմրուկը մանկական վարակիչ հիվանդություն է, բայց վիճակագրությունը ցույց է տալիս, որ ցանկացած մարդ կարող է կարմրուկով վարակվել։ Կոնկրետ կարմրուկի լաբորատոր հաստատված 250 դեպք ունեցել ենք երեխաների շրջանում և 170 լաբորատոր հաստատված դեպք՝ մեծահասակների շրջանում։ Այնպես որ՝ բոլոր տարիքային խմբերն էլ թիրախում են»,-ասաց Գայանե Սահակյանը։
2022 թվականի վերջից ամբողջ աշխարհում կարմրուկի հետ կապված համաճարակային իրավիճակը սրվեց։ Հայաստանում հիվանդության տարածվածության ակտիվություն նկատվեց 2023 թվականին, երբ փետրվարին հանրապետությունում գրանցվեց բերովի դեպք։ Մինչ այդ, Հայաստանում տեղական դեպքերի փոխանցում չէր եղել։ Ավելին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության բնորոշմամբ Հայաստանը համարվում էր կարմրուկից էլիմինացված երկիր։ Դա նշանակում է, որ վիրուսի շրջանառություն տեղում չէր արձանագրվել։ Այսօր արդեն այլ պատկեր ունենք։ Մասնագետը ցավով նշում է, որ ընդհանուր լաբորատոր հաստատված դեպքերի 92 տոկոսի պարագայում բուժառուները կամ չպատվաստված են կամ թերի են պատվաստված։ Վարակվածության միտումները ևս մեկ անգամ ընդգծում են պատվաստման կարևորությունը։ Որքանո՞վ են քաղաքացիները ականջալուր մասնագետների հորդորներին։
«Այդքան էլ չէ, որովհետև հիվանդանում են այն երեխաները, որոնց ծնողները համառորեն հրաժարվում են պատվաստումներից։ 2023 թվականի մարտից, երբ երկրում համաճարակային առումով անկայուն իրավիճակ էր, անընդհատ հորդորել ենք, որ պատվաստվեն։ Ասեմ, որ շատ քչերին ենք կարողացել բերել պատվաստման»,-ասաց մասնագետը։
Կատարված ուսումնասիրությունների համաձայն՝ հանրապետությունում մոտ 8000 չպատվաստված երեխա կա։ Շատերի մոտ թյուր կարծիք կա, թե կարմրուկը թեթև ընթացքով հիվանդություն է, սակայն մանկական-վարակաբան Անահիտ Առաքելյանը հիշեցնում է, որ դա այդպես չէ։ Հնարավոր են բարդություններ, որոնք կարող են անելանելի վիճակ ստեղծել։
«Կարմրուկի դեպքում բարդություններից առավել հաճախ հանդիպում են թոքաբորբերը, էնցեֆալիտները։ Այստեղ ուզում եմ ընդգծել, որ երբեմն բարդություններն առաջանում են, երբ տանն ինքնաբուժությամբ են զբաղվում, չեն դիմում մասնագետներին։ Փոխարենը կարող են դիմել ու ստանալ համապատասխան բուժում։ Իմ հորդորն է՝ խնդիրների դեպքում ինքնաբուժությամբ չզբաղվել»,-ասաց Անահիտ Առաքելյանը։
Մասնագետներն ընդգծում են, որ պատվաստվելը շատ կարևոր է։ Փորձը ցույց է տալիս, որ կանխարգելիչ պատվաստումները ստանալու դեպքում 95 տոկոս և բարձր արդյունավետություն է գրանցվում։
Կարծիքներ