Անցար կարմիր գիծը. Պապիկյանը կոշտ արձագանքեց Էդմոն Մարուքյանին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ-ում կոշտ արձագանքեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ իշխանության հասցեին հնչեցրած քննադատությանը: Պապիկյանը ելույթ ունեցավ ԱԺ-ում կառավարության ծրագրի 2020 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկմանը:
«Այս անգամ ձեր ընտրած 3-րդ ճանապարհն ընդամենը ձեր պարտության ալիբին է: Բարի եղեք շատ կոռեկտ արտահայտվել այն քաղաքական ուժի, այն քաղաքական ուժի ղեկավարի մասին, ում «շվաքի ներքո» սահուն եկել, բազմել եք այստեղ: Եթե չենք խոսել կամ չենք ասել, չգիտե՞նք, թե 2018-ին ոնց եք այդ քվեները հավաքել կամ քաղաքացիները չեն լսե՞լ ձեզ կամ չգիտե՞ն, թե ոնց են քվե տվել ձեզ.… Դու անցար այն կարմիր գիծը, որ պետք է չանցնեիր»,-ասաց Պապիկյանը:
Նա նշեց, որ կոչերը՝ ուղղված նախկիններին ու փորձը՝ մաքրագործել նախկիններին, չի հաջողվելու: «Ի՞նչ եք առաջարկում, չխոսե՞նք Հոկտեմբերի 27-ի մասին, Մարտի 1-ի մասին, 30 տարի Հայաստանը թալանելու մասին…»,-ասաց Պապիկյանը:
Անդրադառնալով նրան, որ Մարուքյանն ասում էր, որ վերջին 30 տարվա 10 տոկոսի պատասխանատուն այս իշխանությունն է ու արդյունքում ի՞նչ է փոխվել՝ Պապիկյանը վստահեցրեց Մարուքյանին, որ քարոզարշավի ժամանակ որ համայնք գնա, կտեսնի իր կողմից ղեկավարվող գերատեսչության՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության արած աշխատանքը: Նա վստահեցրեց, որ ժողովուրդը դա տեսնում է:
Նա Մարուքյանին հիշեցրեց, որ նույն քաղաքական միավորի մեջ են եղել, երբ սկսվել է հեղափոխության գործընթացը: «Այդ ո՞նց հեղափոխությունից հետո ես, իմ գործընկերները դարձանք նախարար, բայց դուք չդարձաք: Կան չէ՞ պատճառներ, ու այդ պատճառները ժողովուրդը գիտի»,-ասաց Պապիկյանը:
Նա վստահություն հայտնեց, որ կառավարության կատարած աշխատանքի իրական հասցեատերը՝ ՀՀ քաղաքացին կտա իր գնահատականը՝ թե իրենց քաղաքական ուժին, թե խորհրդարանական բոլոր ուժերին, թե արտախորհրդարանական բոլոր ուժերին: «Եվ այն ուժերը, որոնք այսօր ստանձնել են նախորդներին մաքրագործելու, մեր վրա մեղքերը բարդելու ամոթալի պարտականությունը, կգտնեն իրենց տեղը պատմության համապատասխան վայրում»,-ասաց նա:
Ավելի վաղ Մարուքյանն իր ելույթում քննադատել էր իշխանությանը՝ շեշտելով, որ գործող իշխանությունը զբաղված է նախկին իշխանությանը մեղադրելով, սակայն վերջին 30 տարվա 10 տոկոսի պատասխանատուն գործող իշխանությունն է: Նրա կարծիքով՝ եթե նախկին «իշխանությունների հետ կռիվը» չլինի, գործող իշխանությունը կրկին իշխանություն դառնալու համար բավարար ձայներ չի հավաքի՝ դառնալով ընդդիմադիր փոքր խմբակցություն:
Կարծիքներ