Էջմիածնի 62-ամյա բնակիչը կրակել և սպանել է համաքաղաքացուն. քրգործի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Էջմիածնում տեղի ունեցած սպանության և սպանության փորձ կատարելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2020 թվականի փետրվարի 22-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի 62-ամյա բնակիչը համաքաղաքացուն ապօրինաբար դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով իր մոտ ապօրինի պահվող հրազեն հանդիսացող «ԱԿ-47» տեսակի 7.62մմ տրամաչափի ինքնաձիգից կրակոցներ է արձակել վերջինիս ուղղությամբ և սպանել նրան։
Այնուհետև, նույն ինքնաձիգով սպանվածի կնոջն ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով կրակոցներ է արձակել վերջինիս ու նրա երկու անչափահաս երեխաների ուղղությամբ, սակայն իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ սպանվածի կինը երեխաների հետ մտնելով տուն՝ փակել է մուտքի երկաթյա դուռը և թաքնվել։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ 62-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, 34-104-րդ հոդվածի (սպանության փորձ) 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու միջնորդությամբ, ուղարկվել է դատախազին:
Կարծիքներ