«Ստեղծում ենք օրենսդրական հիմքեր՝ գիտության ոլորտի հետագա բարեփոխումների համար». Ժաննա Անդրեասյան
ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի` ապրիլի 25-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը:
Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը՝ նշելով, որ օրենսդրական փաթեթով մի շարք խնդիրներ են լուծվում, որոնք կարելի է բաժանել երկու հիմնական մասի: Առաջինը օրենսդրական փոփոխություններն են, որոնց պարագայում հնարավորություն կստեղծվի հաստատելու գիտական պետական կազմակերպությունների տեսակները, դրանց կառուցվածքներին ներկայացվող պահանջներն ու դասակարգման չափանիշները` ներառյալ գործունեության նկատմամբ ակնկալվող վերջնարդյունքի ցուցանիշները: Այս ամենը, ըստ նախարարի, թույլ կտա կարգավորել գործող գիտահետազոտական կազմակերպությունների և դրանցում առկա ստորաբաժանումների անհամաչափությունները, և կատարողականի միասնական ցուցանիշներ ունենալ:
«Կարևորագույն հնարավորություն ենք ստանալու հաստատել գիտության ոլորտի զարգացման հնգամյա ռազմավարական ծրագիրը և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցը»,-նշել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ առանց գիտության ռազմավարության՝ քաղաքականությունը լիարժեք չի կարող լինել:
Նրա խոսքով՝ առաջարկվել է հայագիտության և գիտության այլ բնագավառների զարգացմանն ուղղված ծրագրերի հաստատման լիազորող նորմեր սահմանել :
«Արդեն իսկ 66-166 տոկոսով ավելացել են գիտաշխատողների աշխատավարձերը: Գիտական կադրերի ատեստավորման կարգի, ինչպես նաև պաշտոնների և դրանց գնահատման նվազագույն չափանիշների հաստատման լիազորող նորմ ենք ներդնում, ինչը թույլ կտա սահմանել ավելի որակական չափանիշներ և գիտության մրցակցության ու միջազգայնացման տեսանկյունից ունենալ համարժեք քաղաքականություն: Այս գործընթացը միանալու է աշխատավարձերի բարձրացմանն ուղղված գործընթացին, և հետագա տարիներին արդեն ատեստավորման նոր կարգն է գործելու»,- մանրամասնել է Ժաննա Անդրեասյանը` կարևորելով նաև ֆինանսավորման կարգերի հաստատման լիազորող նորմի ներդրումը, ինչը հնարավորություն կտա վարել ավելի նպատակային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման քաղաքականություն:
Նրա խոսքով՝ անցյալ տարի չորս նոր դրամաշնորհային ծրագրեր են իրականացվել. ֆինանսավորման կարգերի հաստատումը թույլ կտա, որպեսզի գործընթացը լինի ավելի ինստիտուցիոնալ: ԿԳՄՍ նախարարը փաստել է՝ առաջարկվող փոփոխություններով որոշակի հասկացությունների ճշգրտում է տրվել, ինչը հնարավորություն կտա ոլորտում վիճակագրությունը վարել ավելի տրամաբանական և ամբողջական, ինչպես նաև այդ վիճակագրությունը մոտեցնել ՏՀԶԿ երկրներում կիրառվող ձևակերպումներին. սա նույնպես գիտության միջազգայնացման տեսանկյունից կարևոր լրամշակում է:
Անդրադառնալով կառուցվածքային փոփոխություններին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի կազմավորման հնարավորությունը, որը կապահովի ինստիտուցիոնալ հենք՝ միասնական քաղաքականության տեսանկյունից. «Այս օրենսդրական փաթեթով մենք ստեղծում ենք օրենսդրական հիմքերը, որոնց պետք է հաջորդի Կառավարության կողմից կանոնադրության մշակումն ու հաստատումը և ապա բուն կազմավորման գործընթացը»:
Ըստ նախարարի՝ փաթեթում ներառվել են նաև փոփոխություններ Գիտությունների ազգային ակադեմիայի առաջարկով, որոնք վերաբերում են Կառավարության կողմից ԳԱԱ կանոնադրության հաստատմանը, որպեսզի նախատեսվող բարեփոխումներին ընթացք տրվի:
Զեկույցից հետո Ժաննա Անդրեասյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին՝ հանգամանորեն ներկայացնելով ձևավորվելիք Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեին վերապահվող գործառույթները:
Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն. այն առաջարկվել է քննարկել 24-ժամյա ռեժիմով
Կարծիքներ