2022 թվականին Հայաստանում հեպատիտ Ց-ի դեմ բուժում է ստացել 517 քաղաքացի.ԱՆ

2022 թվականին Հայաստանում հեպատիտ Ց-ի դեմ բուժում է ստացել 517 քաղաքացի.ԱՆ

Վիրուսային հեպատիտները շարունակում են մնալ աշխարհում մահացության հիմնական պատճառներից մեկը՝ տարեկան խլելով ավելի քան 1 միլիոն մարդու կյանք: Ներկայացվում է ՀՀ Առողջապահության նախարարության ֆեյսբուքյան էջում:

Գերակշռում են քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ի և հեպատիտ Ց-ի բարդություններից մահերը:

 2022-2030 թվականների ռազմավարությամբ` Հայաստանը որդեգրել է հիվանդության վերացմանն ուղղված քաղաքականություն: Նպատակն է պացիենտի խնամքի և բուժման ծառայությունների ինտեգրմամբ մինչև 2030 թվականը կտրուկ նվազեցնել հիվանդացությունը:

 2020 թվականից քրոնիկ վիրուսային հեպատիտ Ց-ով պացիենտներին անվճար տրամադրվում են ուղղակի ազդող հակավիրուսային դեղեր:

2022 թվականին Հայաստանում հեպատիտ Ց-ի դեմ բուժում է ստացել 517 պացիենտ:

Միաժամանակ, պետք է նշել, որ 1999 թվականից ՀՀ-ում իրականացվում են հեպատիտ Բ-ի դեմ պատվաստումներ, որոնց շնորհիվ մինչև 14 տարեկան երեխաների շրջանում չեն գրանցվում սուր հեպատիտ Բ-ի դեպքեր: Հեպատիտ Ց-ի դեմ դեռևս պատվաստումներ չեն իրականացվում աշխարհում:

 Հեպատիտները փոխանցվում են սեռական ճանապարհով, արյան միջոցով` թմրամիջոցների գործածում, ինվազիվ միջամտություն (բժշկական և ոչ բժշկական` դաջվածք, մատնահարդարում, ոտնահարդարում, փիրսինգ և այլն), դրական դեպք` մորից երեխային, երբեմն նաև` կենցաղ-կոնտակտային ճանապարհով:

Վիրուսային հեպատիտների վաղ հայտնաբերումը բուժման առաջին նախապայմանն է, ուստի խորհուրդ է տրվում բնակչությանը պարբերաբար հետազոտվել, քանի որ հիվանդությունը հիմնականում կարող է ընթանալ անախտանիշ:

Երևանում և մարզերում պարբերաբար կազմակերպվում են հանրային միջոցառումներ, անվճար, անանուն հետազոտություններ` հիվանդության վաղ հայտնաբերման նպատակով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում