Ամերիկյան ինքնաթիռը կործանվել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում
Միջերկրական ծովի արևելյան հատվածում ուսումնական թռիչքի ժամանակ վթարի է ենթարկվել ամերիկյան ռազմական ինքնաթիռ. Այս մասին հայտնում է ԱՄՆ զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նոյեմբերի 10-ին ուսումնամարզական թռիչքի ժամանակ տեղի է ունեցել «արտակարգ իրավիճակ», ինչի հետևանքով ինքնաթիռը կործանվել է։ «Վստահաբար կարող ենք պնդել, որ թռիչքն իրականացվել է բացառապես ուսումնական նպատակներով, թշնամական գործողությունների մասին ցուցումներ չկան»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Հրամանատարությունը չի պարզաբանել՝ արդյո՞ք ամերիկացի զինծառայողները տուժել են, կամ ինքնաթիռի ինչ մոդելի մասին է խոսքը։ «Դեպքի պատճառները պարզելու համար հետաքննություն է սկսվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Եվրոպական հրամանատարության մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ իրենք «լրացուցիչ մանրամասներ չունեն» այս միջադեպի վերաբերյալ։ «Հենց որ մեզ հայտնի դառնան լրացուցիչ մանրամասներ, մենք կներկայացնենք այս տեղեկատվությունը»,- նշել են մամուլի ծառայությունից։
Կարծիքներ