Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին

Վահագն Խաչատուրյանը ցավակցել է Հնդկաստանի նախագահ Դրաուպադի Մուրմուին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ցավակցական հեռագիր է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրաուպադի Մուրմուին Հնդկաստանի Գուջարաթ նահանգի Մորբի քաղաքում կամրջի փլուզման հետևանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկանց մահվան պատճառ է դարձել։

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

«Իմ խորին վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ տուժածներին՝ շուտափույթ ապաքինում»,- նշված է հեռագրում։

Նշենք, որ Հնդկաստանի Գուջարաթ նահանգում Մաչխու գետի վրա կառուցված հետիոտնային կամրջի փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 132-ի, ևս երկուսը անհետ կորել են, իսկ վթարի վայրում որոնողական աշխատանքները մոտ են ավարտին։ Այս մասին հայտնում է Times of India-ը։

NDTV-ն էլ հայտնում է 141 զոհվածի և 177 փրկվածի մասին, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին և խոստացել, որ միջադեպը կհետաքննի կառավարական հանձնաժողովը։ Զոհվածների և վիրավորների ընտանիքները փոխհատուցում կստանան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում