ԵՊՀ-Ն և «ՀԱՅՓՈՍՏ»-ը համագործակցության նոր հուշագի են ստորագրել

ԵՊՀ-Ն և «ՀԱՅՓՈՍՏ»-ը համագործակցության նոր հուշագի են ստորագրել

ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «ՀայՓոստ»
ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ռեկտորի աշխատասենյակում
այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ կողմերը
պարտավորվել են սերտ փոխգործակցություն իրականացնել կրթության և պրակտիկայի
ոլորտում:

ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված
հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության
հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ շրջանավարտների և
կարիերայի կենտրոնի տնօրեն Լիլիթ Հակոբյանը, փոխտնօրեն Կարինե Նազարյանը,
«ՀայՓոստ»-ի ներկայացուցիչները:

«Ուրախ ենք ողջունելու ձեզ ԵՊՀ-ում: Մայր բուհը շատ է կարևորում
գործատուների և մասնավոր հատվածի հետ համագործակցությունը: Հաշվի առնելով
այն, որ ուսանողները բուհում հիմնականում տեսական գիտելիքներ են ստանում,
առաջնահերթ է դառնում այդ գիտելիքների՝ փորձով հարստացման, հմտությունների
ձեռքբերման և գործարկման հարցը: Վստահ եմ, որ այս համագործակցությունը
շարունակական բնույթ է կրելու»,- ասաց ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Հովհաննես
Հովհաննիսյանը և արդյունավետ համագործակցություն մաղթեց բոլորին:

ԵՊՀ-ն և «ՀայՓոստ» ՓԲԸ-ն տարիներ շարունակ ակտիվ համագործակցում են, որի
արդյունքում ուսանողներին և շրջանավարտներին արվել են աշխատանքային և
պրակտիկայի բազմաթիվ առաջարկներ:

«Շնորհակալ ենք ԵՊՀ-ին այս նոր համագործակցության համար, որով մեր
ուսանողները հնարավորություն կունենան «ՀայՓոստ»-ի նման խոշոր
ընկերությունում ստանալու գործնական, խորը գիտելիքներ ոլորտի պրոֆեսիոնալ
մեր աշխատակիցների կողմից: Պրակտիկա անցած լավագույն ուսանողները կարող են
աշխատանքի անցնել և սկսել իրենց կարիերան մեր մեծ և արագ տեմպերով
զարգացող ընկերությունում»,- նշեց «ՀայՓոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ
Կարապետյանը և հավելեց, որ ընկերությունը համալրում է իր կադրերը, ուստի
տվյալ համագործակցությունը երկու կողմերի համար էլ կարող է փոխշահավետ
դառնալ:

Հայկ Կարապետյանը նշեց նաև, որ ընկերությունում առկա թափուր տեղերը
հարմարեցնում են ուսանողներին՝ վերջիններիս հնարավորություն ընձեռելով
աշխատելու պարապմունքներից հետո, համատեղելու կրթությունն ու պրակտիկան:

Կողմերն ընդգծեցին, որ հուշագրի ստորագրումը նոր հարթակ է դառնալու երկկողմ
ծրագրերի արդյունավետ իրականացման համար, միտված է լինելու ուսանողների
կրթության որակի բարձրացմանը և գործնական փորձի հարստացմանը։

Հուշագրով ամրագրվեցին նաև ուսանողների ուսումնաարտադրական և
գիտահետազոտական պրակտիկաների անցկացումը, ինչպես նաև բաց դասերի,
սեմինարների և մասնագիտական քննարկումների կազմակերպումը «ՀայՓոստ»
ՓԲԸ-ում։

Հավելենք, որ կողմերը պայմանավորվեցին քննարկել և մշակել համագործակցության
առավել արդյունավետ ձևաչափեր` կրթական ծրագրերի կատարելագործման և գործարար
մակարդակում դրանց կիրառման նպատակով:


Հետևեք մեզ նաև Տելեգրամում