Գնդակահարության դաժան տեսանյութում 7-8 անձի մասին է խոսքը, տեղանքն արդեն նույնականացված է. Սիրանուշ Սահակյան
Գնդակահարության դաժան տեսանյութում երևացող զինծառայողների նույնականացում է իրականացվում։ Խոսքը 7-8 անձի մասին է:
Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը՝ անդրադառնալով տելեգրամյան ալիքներում տարածված տեսանյութին, որում ադրբեջանցի զինծառայողները գնդակահարում են հայ ռազմագերիներին:
«Թեև դեռ շարունակվում է ուսումնասիրությունը, սակայն գրեթե վստահ ենք, որ վայրագությունը տեղի է ունեցել վերջին՝ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հերթական սադրանքի ժամանակ։ Տեղանքն արդեն նույնականացվել է, այս պահին աշխատանքներ են տարվում նաև կոնկրետ դիրքը բացահայտելու ուղղությամբ»,- հավելել է Սահակյանը՝ չմանրամասնելով, թե ՀՀ որ տեղանքի մասին է խոսքը։
Իրավապաշտպանն արդեն իսկ միջազգային ատյաններում ՀՀ-ն ներկայացնող իր գործընկերների հետ դիմում է պատրաստում Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացնելու համար.
«Եթե ժամանակին պատժելիություն լիներ նմանօրինակ բազմաթիվ գործողություններին, ապա այսօր պատերազմական հանցագործությունները չէին շարունակվի։ Սա անպատժելիության հետևանք է»,- նշել է նա։
Համացանցում տեսանյութ է տարածվել, ըստ որի՝ ադրբեջանական ԶՈՒ-ի զինծառայողները գնդակահարում են գերեվարված հայ զինծառայողներին: Ի սկզբանե տեղեկությունները խիստ նախնական էին և չճշտված, սակայն ՄԻՊ հաղորդագրությամբ հաստատվեց դրա նոր լինելը: Հաշվի առնելով տեսանյութում առկա գերզգայուն կադրերը՝ այն չենք հրապարակում:
Կարծիքներ