Գեղարքունիքի Ծովինար գյուղում ծեծկռտուք է եղել
Օգոստոսի 9-ին՝ ժամը 20:40–ի սահմաններում, Մարտունու բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ձեռքի 5-րդ մատի ճկութային ֆալանգի ամպուտացիա» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքի, հայտնում է shamshyan.com-ը:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը, ով կարճ ժամանակ անց դուրս է գրվել, Գեղարքունիքի մարզի Ծովինար գյուղի բնակիչ Արա Գ.-ն է: Պարզվել է նաև, որ նույն օրը Արա Գ.-ի, իր որդի, 30-ամյա Հենրիկ Գ.-ի և համագյուղացի, 33-ամյա Արթուր Ա.-ի միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որը հետո վերածվել է ծեծկռտուքի, որի ժամանակ Արթու ր Ա.-ն դեմքի և մարմնի տարբեր մասերում ստացել է մարմնական վնասվածքներ։
Տեսնելով, որ այլևս չի կարողանում նրանց դեմն առնել՝ Արթուր Ա.-ն իր մոտ եղած «ՊՄՌ» 9 մմ տրամաչափի՝ իր անվամբ օրինական հաշվառված գազային ատրճանակից 2 անգամ օդ է կրակել, սակայն ծեծկռտուքը չի դադարել։ Այնուհետև Արա Գ.-ն դիմել է Մարտունու հիվանդանոց և հայտնել, որ իրեն մարմնական վնասվածք է պատճառել Արթուր Ա.-ն:
Մարտունու ոստիկանները հայտնաբերել են Արթուր Ա.-ին և նշված գազային ատրճանակը։ Նրան այնուհետև ներկայացրել են Մարտունու քննչական բաժին, որտեղ նրանից ստորագրություն է վերցվել: Այս պահին Արթուր Ա.-ն բուժում է ստանում և տևական ժամանակ մնալու է բժիշկների հսկողության տակ:
Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։
Կարծիքներ