Նախագահի հույսով․ ԱԺ-ի կողմից մեծ աղմուկով ընդունված օրենքը մշուշոտ ապագա ունի. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքը, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ստորագրությանն է ուղարկվել ԱԺ-ի կողմից, շարունակում է մշուշոտ ապագա ունենալ։ Ակադեմիական շրջանակների, ուսանողների եւ բուհերի կառավարիչների զայրույթը հարուցած այդ օրենքը, որ ընդունվել էր ԱԺ-ի կողմից մեծ աղմուկով, անգամ երկու անգամ տանել-բերելով, թերեւս կյանքի չի կոչվի։ «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե չի կարող ստորագրել, միաժամանակ հետ տալու, վետո դնելու իրավունք էլ չունի օրենքների վրա։ Ասել է թե՝ նախագահը ակադեմիայում ակնարկել է, որ չի ստորագրելու օրենքը վերջնական ուժի մեջ մտնելու համար, բայց նաեւ չի ուղարկելու Սահմանադրական դատարան։ Սա նշանակում է, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը կստորագրի օրենքը՝ իրավական գործածության ուժ հաղորդելով դրան։ Այս հեռանկարը ակադեմիական, դասախոսական շրջանակում լուրջ դժգոհություն է առաջացրել։ Առաջիկայում այս մասով նոր բողոքների ականատես կլինենք, քանի որ ՀՀ նախագահից ակնկալիքները միանգամայն այլ են. բուհերի ակադեմիական ազատությունը խոչընդոտող եւ տարիքային խտրականություն պարունակող օրենքը ակնհայտ հակասահմանադրական է, եւ պետք է դա հաստատվի նաեւ ՍԴ-ում»։ Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա հմարում։
Կարծիքներ