Վախճանվել է անվանի գիտնական Էդվարդ Չուբարյանը
Վախճանվել է անվանի գիտնական Էդվարդ Չուբարյանը, հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից։
«ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 2021 թ. սեպտեմբերի 17-ին 85 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Երևանի պետական համալսարանի ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի պատվավոր վարիչ, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդվարդ Վարդանի Չուբարյանը։
Էդվարդ Չուբարյանը ծնվել է 1936 թ. մայիսի 5-ին Սպիտակ քաղաքում։ 1953 թ. ոսկե մեդալով ավարտել է Ձերժինսկու անվան N 20 դպրոցը և նույն տարում ընդունվել է ԵՊՀ՝ այն ժամանակ ֆիզմաթ ֆակուլտետի ֆիզիկայի բաժինը։ Համալսարանն ավարտելուց հետո՝ 1958-1961 թթ., Է. Չուբարյանն ուսումը շարունակել է ԵՊՀ ասպիրանտուրայում՝ տեսական ֆիզիկայի ամբիոնում, այնուհետև՝ 1961-1965 թթ., աշխատել է ՀԽՍՀ ԳԱ կենտրոնական գիտահետազոտական ֆիզիկատեխնիկական լաբորատորիայում։ Թեկնածուական ատենախոսությունը պաշտպանել է 1964 թ., իսկ 1965 թ․-ից նա աշխատանքի է անցել ԵՊՀ տեսական ֆիզիկայի ամբիոնում՝ սկզբում որպես ավագ դասախոս, 1967 թվականից՝ որպես դոցենտ, իսկ 1975 թվականից՝ դոկտորական ատենախոսությունը պաշտպանելուց հետո (1972 թ.)՝ որպես ամբիոնի պրոֆեսոր։ 1965-1970 թթ. համատեղությամբ աշխատել է նաև ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանում։ 1985-2000 թթ. և 2006-2013 թթ. Էդվարդ Չուբարյանը եղել է տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչ։ 1991-2006 թթ. աշխատել է ԵՊՀ բնագիտական ֆակուլտետների գծով պրոռեկտորի պաշտոնում։ 1996 թ. ընտրվել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ Մինչև 2018 թ. ղեկավարել է տեսական ֆիզիկայի գիտահետազոտական լաբորատորիան։
Ակադեմիկոս Չուբարյանը հեղինակ է շուրջ 150-ից ավելի գիտական աշխատանքների և բուհական դասագրքերի։ Դրանք զեկուց¬վել են նախկին միութենական ու միջազգային գիտաժողովներում և լայն ճանաչում են գտել ինչպես նախկին միության, այնպես էլ արտասահմանյան գիտական շրջանակներում:
Կրթությանը մատուցած իր ուրույն ծառայությունների և անձնական մեծ ներդրման համար Է. Վ. Չուբարյանը 1984 թ. պարգևատրվել է Խաչատուր Աբովյանի մեդալով: 1970 թ. նրան շնորհվել է Հայաստանի Լենինյան կոմերիտմիության մրցանակ` «Առանցքահամաչափ ձգողական դաշտերը Էյնշտեյնի տեսության մեջ» աշխատանքի համար, 1985 թ. պարգևատրվել է ՀՍՍՀ «Ժողովրդական կրթության գերազանցիկ» պատվո նշանով: Էդվարդ Չուբարյանը պարգևատրվել է ԵՊՀ Ոսկե մեդալով, Ֆ. Նանսենի հուշամեդալով: 2006 թ. նրան շնորհվել է Գիտության վաստակավոր գործչի կոչում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Էդվարդ Չուբարյանի ընտանիքի անդամներին, մերձավորներին ու ընկերներին։ Անվանի հայորդու և գիտնականի հիշատակը միշտ վառ կմնա բոլորիս սրտերում»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Կարծիքներ