Աֆղան ուժայինները Քաբուլից փախչելիս իրենց հետ գարեջուր են վերցրել. ՌԴ դեսպան
Աֆղանստանում ՌԴ դեսպան Դմիտրի Ժիրնովը հայտնել է, որ աֆղան ուժայինները, որոնք փախել են Քաբուլից՝ խուսափելով «Թալիբանի» հետ բախումից, իրենց հետ տարել են «իրենց համար ամենաթանկը»՝ գարեջուր:
«Այս ու այն կողմ փախան պաշտոնյաները, ցրվեցին իշխանության մարմինները, հատուկ ծառայությունները հեռացան: Մենք ինքներս ենք տեսել: Այնպես է ստացվել, որ օգոստոսի 15-ի առավոտյան տղաները քաղաքում առաջադրանք էին կատարում: Նրանք տեսել են, թե ինչպես են ուժայինները ներքին գործերի նախարարությունից դուրս բերում ամենաթանկը, որն ունեին՝ գարեջուր: Ինչ-որ մեկը՝ գարեջուր, իսկ նախագահ Ղանին, երբ փախչում էր, նրա ուղղաթիռը լեփ-լեցուն էր փողով»,- «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ասել է ՌԴ դեսպանը:
Աֆղանստանում ՌԴ դեսպանատնից ավելի վաղ, մեկնաբանելով նախագահ Ղանիի մեկնումը երկրից, հայտնել էին, որ 4 մեքենա լցված էր փողով, թղթադրամների մի մասն էլ փորձել են ուղղաթիռում տեղավորել, սակայն ամբողջը տեղ չի արել, և գումարի մի մասն ընկած է մնացել թռիչքային հրապարակում:
Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների են անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից: Թալիբները խոստացել են առաջիկայում ներկայացնել երկրի կառավարման նոր ձևը:
Կարծիքներ