Գագարինում մեկնարկել են խմելու ջրմատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքները

Գագարինում մեկնարկել են խմելու ջրմատակարարման եւ ջրահեռացման համակարգերի կառուցման աշխատանքները

Գեղարքունիքի մարզի Սեւան համայնքի Գագարին գյուղում  2021 թվականի հուլիսի վերջին տասնօրյակից արդեն մեկնարկել են Սևան համայնքի 500 խորանարդ մետր տարողության օրվա կարգավորիչ ջրամբարի, մոտ 4.3 կիլոմետր  բաշխիչ ցանցի, 85 հատ ջրաչափիչ հորի, 1 կիլոմետր կոյուղու եւ Սեւանի 2.2 կիլոմետր երկարության կոյուղու կոլեկտորների կառուցման աշխատանքները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, այս ծրագիրը Գագարին գյուղի համար ունի կենսական նշանակություն, որի արդյունքում կբարելավվեն ջրամատակարարման եւ ջրահեռացման առկա խնդիրները, բնակիչների կենսագործունեության համար կստեղծվեն բավարար պայմաններ:
«Համայնքային ենթակառուցվածքների ծրագիր փուլ 3. Հայատան, ջրամատակարարում եւ ջրահեռացում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով:


«Ծրագրի նպատակն է` բարելավել համայնքների ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերը, ինչը ենթադրում է հնամաշ խողովակաշարերի փոխարինում, ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների եւ պոմպակայանների վերակառուցում, ջրաչափերի տեղադրում, շուրջօրյա ջրամատակարարման ապահովում։
Գագարինի համար կենսական նշանակություն ունեցող այս ծրագրի շինաշխատանքների կապալառուն «Բլեսկ» ՍՊԸ  Հայաստանյան մասնաճյուղն է՝ հանձինս «Եղվարդշին» ԲԲԸ կոնսորցիումի: Ծրագիրը ֆինասավորվում է ՀՀ կառավարության, Գերմանիայի KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի եւ Եվրամիության կողմից։ Ընդհանուր ներդրումը  Հայաստանի Հանրապետության վեց մարզերի համար կազմում է 81 միլիոն եվրո։Շինարարական աշխատանքները գնալով նոր թափ են հավաքում»,-ներկայացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից։

Խոսրով Խլղաթյան

Հետևեք մեզ նաև Տելեգրամում