Թուրքիան մատնահետքեր կվերցնի երկիր մուտք գործող անձանցից
Թուրքիայի իշխանությունները մտադիր են մատնահետքեր վերցնել երկիր մուտք գործող բոլոր անձանցից: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից, այդ մասին հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիկայան։
Նա նշել է, որ Թուրքիա մուտք գործելիս մատնահետքեր կվերցվեն, ինչպես դա արվում է ԱՄՆ-ում և Մեծ Բրիտանիայում։Բացի այդ, հավելել է նախարարը, պլանավորվում է չիպավորել այն մարդկանց անձը հաստատող փաստաթղթերը, որոնք ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ են ստացել, հատկապես՝ սիրիացիների։
Երլիկայայի խոսքով՝ նման վկայականները կեղծելն անհնար կլինի։
Անցյալ շաբաթ Թուրքիայի ՆԳ նախարարը հայտարարել էր, որ երեք միլիոնից ավելի սիրիացի փախստականներից ավելի քան 700 000-ը չի ապրում նրանց կողմից նշված գրանցման հասցեներում։ Այդ պատճառով նրանք կարող են զրկվել առանձին պետական ծառայություններից։ Թուրքիայում գտնվող օտարերկրացիները պարտավոր են իշխանություններին տեղեկացնել հասցեի փոփոխության մասին, իսկ միջազգային պաշտպանության ներքո գտնվող սիրիացի փախստականներին արգելվում է լքել այն նահանգը, որտեղ նրանք գրանցված են:
Կարծիքներ